46145 դիտում
20:58 08-05-2018
Հպարտ եմ, որ իմ հաջորդին եմ փոխանցում ավելի ամուր, ավելի մարտունակ բանակ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի ուղերձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարգարժա՛ն գեներալներ, սպանե՛ր, քաղաքացիական հատո՛ւկ ծառայողներ, զինվորնե՛ր, վետերաննե՛ր և կուրսանտնե՛ր,
Ռազմամարզական վարժարանների սանե՛ր,
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մեր բոլոր վետերաններին, հաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր հայրենակիցներին: Թող մեզ միշտ առաջնորդի հաղթական ոգին և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու քաղաքացիական սկզբունքը:
Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:
Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը:
Երբ Հայոց բանակի հիմնադրման և Արցախյան հերոսամարտի ակունքներում կանգնած Նախագահ Սերժ Սարգսյանից ստացա պաշտպանության նախարարությունը գլխավորելու առաջարկը, գիտեի, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում` կազմակերպել մեր նվիրական Հայրենիքի պաշտպանությունը, տեր կանգնել Արցախյան հերոսամարտի մեր հաղթանակներին և մեր ժողովրդի անվտանգությանը: Սակայն, չնայած իմ երկարամյա փորձին, չէի էլ կարող կռահել, թե ինչպես կփոխվի իմ ամբողջ կյանքը, որքան կկարևորվի հանրայինը և կերկրորդայնացվի անձնականն իմ այս կարգավիճակում:
Իմ ողջ մասնագիտական կյանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնվորեն և ուժերիս առավելագույն չափով: Բայց իմ նախկին ողջ գործունեության հանրագումարն անգամ չի կարող համեմատվել ձեզ հետ և ձեր կողքին իմ երկրի անվտանգությանը ծառայելու գեթ մեկ օրվա հետ:
Պաշտպանության նախարարի յուրաքանչյուր օրն սկսվում է օպերատիվ հերթապահի զեկույցից: Այս տարիներին ես օրն սկսում էի շատ վաղ` առավոտյան 6:30-ին: Շատերը զարմանում և տարօրինակ մի բան էին տեսնում դրա մեջ, բայց դա մեծ զոհաբերություն չէր: Պարզապես չէի կարող հանգիստ քնել, երբ գիտեի, որ նույն ժամին Մեհրաբից մինչև Մեղրի և Գյումրիից մինչև Ստեփանակերտ իմ տասնյակ հազարավոր երիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենց զորանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու: Օրս էլ ավարտվում էր շատ ուշ, երբ արթուն էիք միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնողներդ և ձեր հպարտ, աղոթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրորդելով ձեր ծնողների աղոթքները, զանգահարում էի հերթապահին` իմանալու, թե ինչ վիճակ է առաջնագծում:
Ինչո՞ւ եմ շեշտում այս առավոտյան զեկույցն ու երեկոյան հեռախոսազանգը: Ուզում եմ՝ իմանաք և վստահ լինեք, որ որքան էլ ձեզ հեռու են թվում պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, ամեն օր հարյուրավոր մարդիկ ձեզ հետ արթնանում են, տեղեկանքներ կարդում ձեր հաջողությունների և վրիպումների, սխրանքների և սխալների, միջադեպերի և հիվանդությունների մասին, ձեզ հետ ուրախանում են կամ ձեզ հետ տխրում: Որպես պաշտպանության նախարար՝ պահանջում, իսկ որպես ձեր հայրենակից` խնդրում եմ՝ շարունակեք ծառայել այնպես, որ մեր հանրությունը միշտ հպարտանա և երբեք առիթ չունենա վշտանալու ձեր ծառայության պատճառով:
Անցյալ տարի՝ այս նույն օրերին, դիմեցի ձեզ ուղերձով` երեք դեպք նկարագրելով և խնդրելով կտրուկ բարձրացնել զգոնությունը: Դրան հետևեց բոլոր օղակների մանրակրկիտ աշխատանքը: Շնորհակալ եմ, որ անսացիք իմ խոսքին, և 2017-ին ու այս տարվա չորս ամիսների ընթացքում արձանագրեցինք պատահարների կտրուկ նվազում:
Բայց չկա նվազման այնպիսի շեմ, որը երբևէ գոհացնի ինձ և մեր հասարակությանը: Որովհետև մենք ձգտում ենք տեսնել ոչ թե պարզապես կանոնապահ, այլ իդեալական բանակ: Բանակ, որը ընտանիք է, ուր թույլին ոչ թե նվաստացնում են, այլ սովորեցնում ուժեղ լինել: Որովհետև մեր հասարակությունն ուզում է, որ բանակը լինի ոչ թե իր հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը, որով անցած յուրաքանչյուր քաղաքացի լինի ավելի համարձակ, ավելի ուժեղ, ավելի հմուտ:
Պաշտպանության կազմակերպումը ծանր գործ է` ամեն վայրկյան գիտակցում ես, որ քո արածից և չարածից, հասցրածից և չհասցրածից, ճիշտ կամ սխալ որոշումից կախված են տասնյակ, հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր մարդկանց կյանքեր: Յուրաքանչյուր օր ունես նոր, հետաքրքիր անելիք` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից, սպառազինությունից և ռազմական տեխնիկայից մինչև ինժեներական աշխատանքներ և շինարարություն, թիկունքային ապահովումից մինչև ռազմական բժշկություն, կրթությունից մինչև կադրային որոշումներ և ռազմական դիվանագիտություն: Գործ ունես ամենատարբեր մարդկանց հետ:
Ի դեպ՝ մարդկանց մասին: Ես այս տարիների ընթացքում, իրոք, ուժեղացա չափազանց հետաքրքիր և առանձնահատուկ մարդկանց հետ աշխատելու շնորհիվ: Առաջին հայացքից՝ քաղաքացիական մարդու համար բարդ է զինվորականին հասկանալը` շատ տարբեր է բազմաթիվ երևույթների ընկալումը: Բայց իսկական զինվորականը շատ խորը ներաշխարհ ունենալու հետ մեկտեղ նաև շատ պարզ է և շիտակ, արդար է և ուժեղ: Իսկ այդպիսի մարդկանց հետ գործ ունենալը միշտ հաճելի է:
Հարգարժա՛ն սպաներ, շնորհակալ եմ ձեր երկարամյա բարդ և վտանգներով լի ծառայության և Հայրենիքի պաշտպանությունը կյանքի առաքելության վերածելու համար: Դուք մեր ազգի ողնաշարն եք: Ամո՛ւր եղեք, և մեր պետությունը միայն առաջ կընթանա: Կրկնեմ իմ մեծ խնդրանքը ձեզ` մաքուր և անաղարտ պահեք ձեր սրբազան գործը: Եղեք խստապահանջ ձեր և ձեր մարտական ընկերների նկատմամբ, երբեք մի՛ հանդուրժեք հայ սպայի որևէ զանցանք, որևէ անպարկեշտություն, որևէ թուլություն: Որպես ընկեր՝ դուք արագ կարող եք ուղղել վիճակը և դրանով կանխել ավելի մեծ խնդիրներ: Ինքս հետևել եմ այդ կանոնին և, ավարտելով ծառայությունս, կարող եմ վստահ ասել` այս ամբողջ ընթացքում թույլ չեմ տվել որևէ քայլ, որի համար ամաչեմ:
Մեզ հաջողվեց արդյունավետորեն պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ: Իհարկե, այդ պայքարը դեռ շատ ջանքեր է պահանջում, բայց ես հպարտ եմ, որ այս տարիների ավարտին իմ բոլոր ծառայակից ընկերների, բանակի մատակարարների, կապալառու շինարարական կազմակերպությունների մեջ չկա որևէ մեկը, որը կարողանա գոնե քմծիծաղ տալ այս խոսքերն ինձանից լսելով:
Չէի ուզենա խոսքս հաշվետվության վերածել, որովհետև ի սկզբանե ավելի շուտ ձեզ հետ կիսվելու նպատակ ունեի, սակայն անկեղծ ասած՝ մի շարք ուղղություններում մեր համատեղ աշխատանքով, իրոք, հպարտ եմ: Մենք ավարտին ենք հասցնում առաջնագիծը տեսադիտարկման համակարգով հագեցնելու գործը, գերժամանակակից և ճշգրիտ սպառազինություն և ռազմական տեխնիկա ենք ներդրել մարտական հերթապահության, կտրուկ բարձրացրել ենք գնումների արդյունավետությունը` հսկայական գումարներ վերաբաշխելով դեպի սպառազինման ծրագրեր: Ամբողջությամբ վերանայել ենք իրավական դաշտը և ներդրել բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը: Նոր շունչ ենք տվել ռազմարդյունաբերական համալիրին:
Մենք մեր պատանիների համար բացել ենք Հայաստանի լավագույն ավագ դպրոցի` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դռները և ամենալավ պայմաններով կահավորել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը մեր հերոս տղաների համար: Զոհվածների ընտանիքների և զինհաշմանդամների համար գտանք տարիներով թղթի վրա մնացած` բնակավորման խնդրի լուծումը և ողջ հանրության հետ մի բռունցք դարձանք՝ նրանց նյութական լուրջ աջակցություն ցուցաբերելու համար` 1000plus.am հիմնադրամի միջոցով:
Մեր քաղաքացիների համար ստեղծեցինք զինծառայությունն ու բարձրագույն կրթությունը, ինքնուրույն կյանք վստահ մտնելու հնարավորությունները համադրող ծրագրեր, որոնք արդեն իսկ կտրուկ փոխել են բանակից երիտասարդների ակնկալիքները: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը նորարարական են և գրավիչ` միջազգային չափանիշներով: «Զինվորից սպա» ծրագիրն էլ նոր է մեկնարկելու` ծառայության ընթացքում սպայական մասնագիտությունն ընտրող մեր զինվորների համար: Մենք անցկացրինք մեր զինված ուժերի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները և սկսեցինք զորքերի կառուցվածքի խորքային վերանայում՝ արդյունավետության բարձրացման նպատակով: Նախանշեցինք զինվորական կոմիսարիատների աշխատանքը բարեփոխելու համապարփակ ծրագիր:
Հպարտ եմ, որ իմ հաջորդին եմ փոխանցում ավելի ամուր, ավելի արդյունավետ, ավելի մարտունակ բանակ: Փոխանցում եմ զգալիորեն աճած բյուջեով, ընդլայնված ենթակառուցվածքով, բարելավված վիճակագրությամբ բանակ` այն աչքի լույսի պես պահելու և միայն առաջ, դեպի հաղթանակներ ընթանալու մաղթանքով:
Ցավում եմ, որ շատ ծրագրեր, հատկապես՝ զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում, դեռ ներդրման փուլում են: Ես մանրակրկիտ փոխանցելու եմ պաշտպանության հաջորդ նախարարին կիսատ մնացած ծրագրերը` մատնանշելով դրանց իրականացման ֆինանսական աղբյուրներն ու իրավական կարգավորումները և պատրաստակամ եմ ուժերիս ներածին չափով աջակցելու նրան և բոլոր ապագա նախարարներին` մեր երկրի անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Հուսով եմ, որ նրանք էլ հետևողական կլինեն մեկնարկած ծրագրերը զարգացնելու և հաջողությամբ կյանքի կոչելու հարցում: Նույնիսկ եթե մենք հակադիր քաղաքական հայացքներ ունենք, ես անկեղծ ցանկանում եմ, որ ինձ հաջորդող նախարարը անպայման հաջողի, քանի որ դա կնշանակի, որ նա բանակն ու երկիրն էլ ավելի բարվոք վիճակում կփոխանցի իր հաջորդին և մեր սերունդներին:
Շնորհակալ եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ` շարքայինից մինչև գեներալ, նախարարության քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչև զինված ուժերի գլխավոր շտաբ, իմ քաղաքական և հայեցողական թիմերին, մեզ հսկող հասարակական կազմակերպություններին և մամուլին, բանակի կողքին միշտ ամուր կանգնած սահմանամերձ համայնքների ղեկավարներին և բնակիչներին, բոլոր ժամանակների վետերաններին և ոչ պակաս` իմ և մեր բոլոր զինծառայողների համբերատար ընտանիքներին՝ մեր ընդհանուր գործը պատվով կատարելու համար:
Աստված պահապան մեր զինվորին և սպային,
Մեր Ազգ-բանակին, Հայաստանին և Արցախին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2122 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
754 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար