9812 դիտում
14:46 07-05-2018
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ:
Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահի օրով: Սա ամեն մի հայի տոնն է: Սա Վազգեն Սպարապետի, մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության տոնն է: Սա Գրետա Մեծ մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ` նորածինների տոնն է: Սա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, հայոց բանակի տոնն է` շարքայինի եւ սպայի, նախարարի եւ գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո՛ր, հայ ժողովուրդ:
Մայիսի 8-ի վաղ առավոտից Եռաբլուր, բոլոր եղբայրական գերեզմաններ, պանթեոններ կայցելեն եռասերունդ Երկրապահի պատվիրակությունները:
Հպարտությամբ կարող ենք զեկուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանին, մեր նահատակ մարտական ընկերներին, անհայտ կորածներին, հաշմանդամներին, հայ ազգին, որ երկրապահական եռասերունդ ընտանիքը լիարժեք կայացած է: 2000 թվականից Երկրապահի օրն ընդգրկվել է ազգային տոնացույցում, սա պետականորեն նշվող տոն է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայր տաճարում, նաեւ` բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում նշվում է Երկրապահ կամավորականի օրը` հնչում են զանգերն ու մատուցվում է սուրբ պատարագ: Այսինքն՝ Երկրապահի օրը ճանաչվել է պետականորեն եւ ստացել մայր եկեղեցու օրհնությունը:
2013 թվականին պաշտոնապես ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Այս կերպ պետական ճանաչում ստացավ երկրապահ կամավորականությունը: Սա լուրջ բարոյական նշանակություն ունի մեր պետության համար: Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը: Երկրապահը չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինել: Մենք մեր պարտքն ենք համարում բանակին հայեցի դաստիարակված, բանիմաց կադրերի մատակարարումը: Այդ նպատակով գործում են «Երիտասարդ երկրապահ» եւ «Պատանի երկրապահ» կառույցները: Մեր այս կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներն են դառնում, միշտ բանակից շնորհակալագրեր են ստացվում այս տղաների համար: Այսօր մեր բոլոր բաժանմունքներում, նաեւ` Արցախում կան պատանի երկրապահական ակումբները: Այս կառույցի սաների ընդհանուր թիվն անցնում է 28 000-ից:
Այս առումով եւս պետության հետ գործակցելու լայն դաշտ կա: Պաշտպանության եւ կրթության նախարարությունների հետ հուշագիր ստորագրեցինք, եւ այսօր արդեն երկրապահի պատանեկան կառույցները գործում են Հանրապետության բոլոր դպրոցներում։ Գործակցության հուշագրեր ստորագրվել են նաեւ այլ կառույցների հետ:
Երկրապահը, գործընկեր կառույցների հետ, կազմակերպում եւ անցկացնում է հրամանատարասերժանտական դասընթացներ, ինչի շնորհիվ մեր պատանի երկրապահները բազմակողմանի զարգացած ՀՀ լիարժեք քաղաքացի են դառնում: Այսուհետ մեր պատանիները պետության հոգածության ներքո են` առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա ենք դրել պատանիների ուսուցումն ու դաստիարակությունը: Մենք պետք է այնպիսի սերունդ կրթենք, որ Բաքվում տաքուկ, փափուկ աշխատասենյակներում նստած չինովնիկները մեր երիտասարդներին, պատանիներին տեսնելով` սարսափեն: Պատանիները մեր վաղվա օրն են, մեր ապագան: Պատանի եւ երիտասարդ սերունդը վաղվա բարեկեցիկ Հայաստանն ու ամուր պաշտպանված Արցախն են:
Հարգարժա՛ն երկրապահ հայ ժողովուրդ, մեր սերունդն ունեցել է լրջագույն ձեռքբերումներ, հաղթանակներ: Վազգեն Սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, նաեւ` կենդանի հերոսների ջանքերով կայացրել ենք Հայաստանի անկախությունը, հայրենի տարածքներ ենք ազատագրել, Արցախի անկախ Հանրապետություն ենք կայացրել, դիմակայել ենք 2016-ի ապրիլյան պատերազմին եւ դիվերսիոն թափանցման բոլոր ադրբեջանական սադրանքներին: Այդ բոլոր հաղթանակները երկրապահ հայ ժողովրդինն են: Ուրեմն, մեկ անգամ եւս շնորհավո՛ր տոնդ երկրապահ, շնորհավո՛ր տոնդ աշխարհասփյուռ հայ ժողովուրդ:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3566 դիտում
17:11 23-06-2017
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ թիկունքային ծառայողի օրվա կապակցությամբ
11033 դիտում
20:15 27-06-2017
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)