Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունը. Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել
[b]Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ վերջին իրադարձությունների կապակցությամբ.[/b]
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված եւ մտահոգիչ:
Հորդորում ենք իշխանություններին եւ ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից:
Կոչ ենք ուղղում խորհրդարանական բոլոր խմբակցություններին` բանակցությունների միջոցով շարունակել ջանքեր գործադրել ստեղծված կացության հաղթահարման համար:
Մեր հորդորն ու խնդրանքն է Մեր ժողովրդի սիրելի զավակներին՝ պահպանել համերաշխությունը, զգոնությունը, չտրվել սադրանքների: Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունն ու թշնամանքը, որպեսզի առկա իրադրությունը հանգուցալուծվի ողջամտությամբ, սիրո եւ փոխըմբռնման ոգով:
Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, Մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի համար»,- ասվում է ուղերձում։