Շարունակվում է «Հրակայուն Երևան» արտակարգ օրակարգը․ հակահրդեհային վարժանք է տեղի ունեցել «Մետրոնոմ»-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
[b]Ուսումնավարժությունների նպատակն է․[/b]
ստուգել «Մետրոնոմ» առևտրային համալիրի անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը.
ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս.
կատարելագործել «Մետրոնոմ» առևտրային համալիրի անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանքը մեկնարկեց Ապրիլի 21-ին ժամը 22:00-ին «Մետրոնոմ» առևտրային համալիրում, որը տեղակայված է մետրոյի Երիտասարդական կանգառի հարևանությամբ գտնվող գետնանցումում:
Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացել է «Մետրոնոմ» առևտրային համալիրի ստորգետնյա 2-րդ հարկի առևտրի կետում, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է մյուս առևտրի կետեր:
Ահազանգ ստանալով ճանապարհին արդեն ուսումնասիրվում է առևտրային համալիրի հրդեհաշիջման օպերատիվ պլանը և ստացված տեղեկությունները: Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացում է հետախուզություն, որոշվում է հրդեհի մարման վճռական ուղղությունը, իրականացվում են որոնողափրկարարական, տարհանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 22:40-ին հրդեհաշիջման ղեկավարը հակիրճ ամփոփում է հրդեհաշիջման արդյունքները, որից հետո զեկուցում է ուսումնավարժության ղեկավարին:
Վարժանքի ընթացքում կատարվող գործողություններն ունեն երկու բաղադրիչ՝ հրատապ գործողություններ, որոնք կատարվում են դեպքից անմիջապես հետո տվյալ կազմակերպության անվտանգության աշխատակիցների կողմից և երկրորդը՝ արձագանքող ուժերի՝ այս դեպքում հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր ժամանում ու փրկարարական գործողությունների իրականացում:
Ուսումնավարժանքի ընթացքում հայտնաբերվեցին մի շարք թերություններ: Առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ պլաններ մշակել և շտկել արձանագրված թերությունները: