6423 դիտում
15:30 09-04-2018
ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից է. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: «[url=https://armenpress.am/arm/news/929151.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, այս մասին, պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, և այդ դերում ռուսական կողմը ոչ միայն հավաքական ջանքեր է գործադրում մյուս համանախագահների հետ, այլև ձգտում է, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համանախագահների որոշումներին, առաջ քաշել նաև սեփական նախաձեռնությունները՝ հաշվի առնելով հատուկ կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Լավրովը խոսել է Կազանի 2011 թվականի գագաթնաժողովից, որը վերլուծաբանների կարծիքով կարող էր բեկումնային լինել կարգավորման գործընթացում:
«2009-ից մինչև 2011 թվականն իրականացված աշխատանքը իսկապես շատ ինտենսիվ էր: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են շուրջ 10 անգամ: Հերթական հանդիպումը, որը նախատեսված էր Կազանում, իսկապես թույլ էր տալիս լուրջ դրական արդյունքների ակնկալիքներ ունենալ, քանի որ փաստաթղթերի նախագծերում, որոնք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ մշակել էր ռուսական կողմը, մեր ընկալմամբ, հավասարակշռված կերպով հաշվի էին առնվել Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները: Սակայն հենց գագաթնաժողովի ընթացքում ի հայտ եկան հավելյալ հարցեր ու մեկնաբանություններ: Այդպես պատահում է: Մենք դա առանձնահատուկ ողբերգություն չենք դարձնում: Աշխատանքը շարունակվելու է: Համոզված եմ, որ այսպես կոչված «կազանյան փաստաթղթում» առկա շատ դրույթներ նախկինի պես պահանջված են: Դա են հաստատում Երևանի ու Բաքվի արձագանքները դրան հաջորդած ժամանակահատվածում նախագահների, նախարարների մակարդակով ու պարբերաբար տարածաշրջան՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ այցելող համանախագահների հետ հանդիպումներում շփումների ժամանակ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Նա համոզմունք է հայտնել, որ այդ տարիներին կատարված որևէ աշխատանք զուր չի անցել: «Թեպետ, իհարկե, այդ ընթացքում առաջացել են մի շարք նոր գաղափարներ, որոնք հիմա համանախագահներն առաջ են մղում կողմերի հետ շփումներում: Ամենակարևորը հաղթահարելն է անվստահությունը, որը երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ժամանակ, և կենտրոնանալը իրատեսական, պրագմատիկ նպատակների վրա, որոնք բավականին շատ են: Բավական է միայն դրանք հանձնել թղթին. թեպետ կողմերը կոնցեպտուալ առումով համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, սակայն երբ ամեն բան հստակ ձևակերպումների մեջ է մտնում, ինչպես լինում է այլ իրադրություններում, ի հայտ են գալիս բարդություններ: Կարծում եմ, որ մենք կշարունակենք դրանք հետևողականորեն հաղթահարել և հասնել արդյունքների»,- հայտարարել է Լավրովը:
Նմանատիպ նյութեր
1679 դիտում
14:08 25-05-2015
ԼՂ հակամարտությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Լավրով
7678 դիտում
22:49 13-01-2017
Ցանկացած բռնություն հետաձգում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը. Ռիչարդ Հոգլանդ
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
580 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1045 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը