903 դիտում
11:29 25-11-2014
Խստորեն դատապարտում ենք Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը խաթարող Ադրբեջանի սադրիչ գործողությունները. Ամենայն հայոց կաթողիկոս
Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԼՂՀ ռազմաօդային ուժերի կործանված ուղղաթիռի զոհված անձնակազմի հոգեհանգստյան արարողության ժամանակ նշել է.
«Սիրելի սգակիր ժողովուրդ,
Վշտով են համակված մեր հոգիները: Մեծ ցավ էր ամենքիս համար օրեր առաջ ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից դավադրաբար խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի կորուստը:
Բոլորս մեր խոնարհումն ենք բերում զոհված մեր անմեղ զավակների հիշատակին: Կորստի ծանր պահերին միմյանց զորակցությունը սփոփանք է վշտացյալների սրտերին: Մեր սրտակցությունն ու ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, մերձավորիներին ու զինակից ընկերներին:
Խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող Ադրբեջանի ռազմատենչ, սադրիչ գործողությունները, որոնց դրսևորումը եղավ նաև այս ոճրագործությունը՝ հայկական ուղղաթիռի կործանումը և մեր օդաչուների ողբերգական մահը:
Խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների դուրս բերմանը բոլոր միջոցներով խոչընդոտելու Ադրբեջանի անմարդկային քայլերը, մարդասիրական և բարոյական համամարդկային նորմերի անտեսումը ստիպեցին Արցախի պաշտպանության բանակին դիմելու հատուկ գործողության: Այսօր մեր սրտերը համակված են ոչ միայն ցավով, այլև հպարտության զգացումով, որ մեր քաջարի ու անվեհեր մարտիկները հերոսաբար կարողացան իրականացնել իրենց առաքելությունը՝ դուրս բերելով զոհված օդաչուների աճյունները:
Ադրբեջանի կողմից հրադադարի անընդմեջ խախտումները, դիվերսիոն գործողությունները, սահմանամերձ բնակավայրերի պարբերաբար գնդակոծությունները, որոնց հավելվեց այս ոճրագործությունը, լուրջ վտանգ և սպառնալիք են տարածաշրջանի փխրուն խաղաղության համար և անմեղ կյանքեր են խլում: Մեր ժողովուրդը աստվածապատվեր խաղաղության կողմնակից է և այսօր էլ շարունակում է ջանքեր ներդնել մեզ պարտադրված պատերազմից հետո պահպանելու թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը, քանզի Աստվածապարգև կյանքը գերագույն արժեք է, սուրբ ու նվիրական, և աստվածային կամքին հակառակ են բռնություններն ու ոտնձգությունը մարդկային կյանքի և ազատ ապրելու իրավունքի դեմ:
Սիրելի սգակիր հայորդիներ, այսօր մենք միասնական աղոթակցությամբ հայց ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված, որպեսզի չխաթարվի խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի մեր ժողովուրդը հարկադրված չլինի զենքով և իր զավակի կյանքի թանկ գնով պաշտպանելու իր ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Աղոթում ենք, որ Երկնավորի ամենախնամ Սուրբ Աջը հովանի ու պահապան լինի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին, մեր ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի, պահապան լինի մեր բոլոր զինվորներին և միշտ աննկուն պահի քաջարի ոգին և հաղթական` բազուկը հայրենյաց հերոս պաշտպանների: Հայցում ենք Ամենագութ Տիրոջից, որ երկնքի արքայության հավիտենական հանգրվաններում երանություն և հանգստություն պարգևի լույս հոգիներին զոված հայոց արժանավոր զավակների և Սուրբ Հոգու բյուր շնորհներով մխիթարի և սփոփի սգակիր սրտերը զոհվածների ընտանյաց անդամների, հարազատների և մերձավորների:
Աղոթք և օրհնություն մեր անմեղ հայորդիների լույս հիշատակին»:
Նմանատիպ նյութեր
2603 դիտում
21:33 11-10-2020
Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում. ՀՀ ԱԳՆ
2529 դիտում
22:25 17-07-2020
Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները
2328 դիտում
16:08 13-04-2016
Բակո Սահակյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
Այս բաժնից
757 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը