111900 դիտում
22:41 07-04-2018
Արտակարգ ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Նոր Գեղիում փլատակի տակից դուրս բերված 41-ամյա տղամարդը մահացել է. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Մաշտոցի 26 փողոցում՝ դեռևս անհայտ պայմաններում, փլուզում է տեղի ունեցել և հնարավոր է, որ փլուզման տակ քաղաքացի լինի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Հարութ Հարությունյանի գլխավորությամբ:
Փրկարարները նշված հասցեի փլուզված բետոնե պանելների տակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Ասատրյանին:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ է գործել բժիշկների խումբը, իսկ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ա. Ասատրյանը մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է այն, որ Ա. Ասատրյանը նշված հասցեում ունեցել է պեմզաբլոկի արտադրամաս, որտեղ աշխատել է նաև ծանր տեխնիկա ու ներսում նա աշխատելիս է եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը. բետոնե պանելները պոկվել և ընկել են նրա վրա:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Նաիրիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+