«Հայաստան» համահայկական հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրել Կոնսերվատորիայի լավագույն ուսանողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամում տեղի ունեցավ Կոնսերվատորիայի Լավագույն ուսանողի պարգևատրման արարողությունը: Նունե Երկանյանին դիպլոմը և կրթաթոշակի հավաստագիրը հանձնեց Հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը:
2008-ից բարերարներ Հրայր և Մարթա Ալբարյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով անվանական կրթաթոշակ են հատկացնում Երևանի պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողներին։ Ամեն տարի Կոնսերվատորիայի գերազանաց սովորող և հանրային ու համերգային ակտիվություն ցուցաբերող մեկ ուսանող ստանում է 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Կոնսերվատորիան ներկայացնում է լավագույն ուսանողների հայտերը Հիմնադրամին, իսկ բարերարներն ընտրում են կրթաթոշակ ստացողին։
Նունե Երկանյանը դիրիժորություն է սովորում, երրորդ կուրսում է: Մասնագիտությունն առ այսօր կանացի չի համարվում ամբողջ աշխարհում: Կին դիրիժորները մի քանի տասնյակ են: Նունեն դեռ երկմտում է` կլրացնի՞ նրանց շարքը, թե՞ ոչ:
Նրան խմբավարությունն ու դասական վոկալն է ավելի հոգեհարազատ: «Դասական վոկալով եմ ցանկանում շարունակել կրթությունս, բայց վերջնական որոշում չեմ կայացրել: Խմբավարի աշխատանքն էլ յուրօրինակ է: Քիչ է տարբերվում դիրիժորությունից, սակայն իր նրբություններն ունի», - ասում է Նունեն, - «շատ պատասախանտու է: Պետք է նկատել, զգալ ու ճիշտ պահին ուղղել խմբերգում սխալ հնչող յուրաքանչյուր տոնայնություն, նոտա: Մեծ երգչախումբ ղեկավարելու փորձ դեռ չունեմ: Սակայն կուզեի աշխատել պրոֆեսիոնալ, բազմաձայն երգչախմբի հետ: Մյուս կողմից էլ դասական սոլիստի կարիերան է ձգում»:
Նունեն անվճար է սովորում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերաներից ստացած կրթաթոշակը ապագա կրթության համար կծախսի: «Այս գումարը կդառնա այն հիմքը, որը ես էլ աշխատելով կավելացնեմ, ու կնպատակաուղղեմ մագիստրոսական կրթությանս համար: Շնորհակալ եմ Տեր և տիկին Ալբարյաններին այսօրինակ օգնության համար: Այն առավել քան երբևէ անհրաժետ էր հենց այս պահին, քանի որ նոր խթան է նոր լիցքերով ու տրամադրվածությամբ երզանքներիս հետևից գնալու համար»: Նունե Երկանյանը խոստանում է հետագայում ինչ մասնագիտացում էլ ընտրի`վոկալ, թե դիրիժորական արվեստ, ձգտելու է լավագույնս արդարացնել իր բարերարների ներդրումը` մեկ քայլով ևս բարձրացնելով հայկական դասական արվեստի դերն աշխարհում:
[b] «Հայաստան» համահայկական հիմնադրամ [/b]