Կրթաթոշակ՝ Կոնսերվատորիայի լավագույն ուսանողին
Մայրիկից նվեր ստացած ջութակի հետ արդեն 8 տարի 20-ամյա Շուշանիկ Մուրադխանյանն անբաժան է․ ջութակն իր հետ միասին շրջել է Հայաստանով և աշխարհով մեկ՝ մասնակցելով տարբեր մրցույթների և փառատոնների։ Երաժշտության հանդեպ սերը Շուշանիկը ժառանգել է երաժիշտ ծնողներից։ «Շատ էի ուզում, որ կրտսեր եղբայրս էլ երաժշտությամբ զբաղվեր, հատկապես՝ թավջութակ նվագեր, բայց մամաս ասաց՝ տան մեջ երեք նվագող հերիք է», - պատմում է Շուշանիկն ու ժպտում։
Շուշանիկն այժմ սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում, սովորում է անվճար համակարգում։ Միայն լսարանային դասերը նրան չեն բավականացնում, հաճախում է նաև ջութակի մասնավոր պարապմունքների։ Հենց այդ պարապմունքների վրա է, որ Շուշանիկը նախատեսում է ծախսել Կոնսերվատորիայի «Լավագույն ուսանող» ճանաչվելու համար ստացած կրթաթոշակը՝ բարերարներ Հրայր և Մարթա Ալբարյանների կողմից։
2008 թվականից բարերարներ Հրայր և Մարթա Ալբարյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով անվանական կրթաթոշակ են հատկացնում Երևանի պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողներին։ Ամեն տարի Կոնսերվատորիայի գերազանաց սովորող և հանրային ու համերգային ակտիվություն ցուցաբերող մեկ ուսանող ստանում է 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Կոնսերվատորիան ներկայացնում է լավագույն ուսանողների հայտերը Հիմնադրամին, իսկ բարերարներն ընտրում են կրթաթոշակ ստացողին։
Շուշանիկը Ալբարյանների կրթաթոշակ ստացող արդեն իններորդ ուսանողն է։ Կրթաթոշակ և շնորհավորական դիպլոմ ստանալու համար իր սիրելի ջութակի հետ Շուշանիկն այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամ, որտեղ նրան պարգևատրեց Հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը։ Տիկին Խաչիկյանը զրուցեց Շուշանիկի հետ նրա մասնագիտական հաջողությունների, ապագայի պատկերացումների, նաև Հիմնադրամի ծրագրերի մասին։ Ջութակը հանդիպմանն անմասն չմնաց. Շուշանիկը զրույցի վերջում կատարեց իր սիրելի գործերից մեկը։