211652_close_icon
views-count3223 դիտում article-date 15:20 28-03-2018

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին

Մարտի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանկ Էնգելի պարբերական այցելությունները Հայաստան և Արցախ, նրա հետևողական ջանքերն ուղղված Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացմանը։ Արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը՝ որպես երկկողմ և բազմակողմ հարցերի քննարկման և ժողովուրդների մերձեցման կարևոր հարթակ: Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն նոր՝ առավել լայն հնարավորություններ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների և դրանց կարգավորման ուղիների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ Էնգելին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

Նմանատիպ նյութեր