7307 դիտում
10:50 22-03-2018
Լավ նշան չի. դասագրքում մերթ հայտնվում են, մերթ անհետանում մարդկանց անունները, «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ պատմության դասագրքերը չափից դուրս հաճախ են փոխվում, և այնտեղ մերթ հայտնվում են, մերթ անհետանում են մարդկանց անունները, դա լավ նշան չի: Դա նշանակում է, որ պետության հիմքերը խարխուլ են, որ այն չի կարող «մարսել» իր անցյալը: Խորհրդային Միությունում, օրինակ, դա հստակ երևում էր: Ասենք, բոլշևիկյան հեղաշրջման կազմակերպիչներից և Կարմիր բանակի ստեղծողներից մեկը՝ Լև Տրոցկին, սկզբում «ներկա էր» պատմության դասագրքերում որպես «դրական հերոս», իսկ այնուհետև հիշատակվում էր բացառապես որպես «քաղաքական պոռնիկ» (Լենինի բնութագիրն է): Չնայած խորհրդային պետությունը հզոր և հավերժ էր թվում, դրա հիմքում կար ինչ-որ փտած, անառողջ սկզբունք:
Ուզում եմ, որ մեզ մոտ նման բան չլինի: Գրելուս առիթն էլ, բնականաբար, Ժիրայր Սեֆիլյանին դասագրքերից ջնջելն է: Սեֆիլյանը զինված քաղաքական պայքարի կողմնակից է և այդպիսին եղել է միշտ՝ դեռևս «Դրոյի» գործից սկսած: Դա վատ է, սխալ է, վտանգավոր է պետության համար: Շատերը դա հասկանում են, բայց «դուխները չի հերիքում» ասելու, որովհետև գիտեն, որ Ֆեյսբուքում զինված պայքարի մի քանի հարյուր ջատագովներ այդ փաստն արձանագրողին «հում-հում կուտեն»: Բայց ջնջել Սեֆիլյանին պատմության դասագրքերից` նույնպես սխալ է, կասեի անգամ՝ փոքրոգություն է: Երբ խոսքը գնում է Արցախյան պատերազմի և հատկապես Շուշիի ազատագրման մասին, Մարտական խաչի այս ասպետի արած գործը, նրա խիզախությունն ու նվիրվածությունը պետք է անպայման նշվեն:
Վազգեն Սարգսյանը կարևոր դեր է խաղացել 1996 թվականի ընտրությունների կեղծման, «ֆիդայա-զոռբայական» քաղաքական և տնտեսական համակարգի ստեղծման, ինչպես նաև 1998 թվականի պալատական հեղաշրջման մեջ: Դա նույնպես շատերը գիտեն, բայց «ռիսկ չեն ունենում» ասելու, այս դեպքում էլ կմեղադրեն՝ «բա ինչպես կարելի է Սպարապետի հիշատակը…»: Բայց հիմա սկսել ինչ-որ գործողություններ՝ փողոցները վերանվանելու ուղղությամբ, կրկին սխալ է: Վազգեն Սարգսյանը ավելի քան արժանի է, որ նրա անունով փողոցներ, հրապարակներ, դահլիճներ կոչվեն՝ նա մեր բանակի և մեր ռազմական հաղթանակների գլխավոր կերտողներից մեկն է:
Սամվել Բաբայանը նույնատիպ, ավելի դաժան համակարգի ստեղծողներից է Արցախում՝ դրա մասին դարձյալ ընդունված չէ խոսել: Նա նույնպես ունի բազմաթիվ սխալներ և մեղքեր (չնայած կոնկրետ «Իգլայի» գործով ես, ճիշտն ասած, չհասկացա՝ ո՞րն էր նրա մեղքը): Բայց ոչ ոք իրավունք չունի ուրանալու Բաբայանի բացառիկ ծառայությունները պատերազմի ժամանակ:
Հերոսները, ինչպես և մենք, սովորական մարդիկ են, ունեն և՛ արժանիքներ, և՛ թերություններ: Ինչո՞ւ պարզապես չգրել պատմության դասագրքերում, որ նրանք պատերազմի ժամանակ գործել են այսինչ սխրանքները, իսկ պատերազմից հետո կատարել են այսինչ ոչ միանշանակ արարքները»:
[b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1974 դիտում
09:11 10-06-2014
Ճարտարապետության և շինարարության համալսարանի մուտքի դիմացի այգուց ծառերն անհետանում են․ Առավոտ
1577 դիտում
10:55 17-02-2014
Ադրբեջանը հիստերիայի մեջ է. լատվիական դասագրքում Արցախը որպես անկախ պետություն է ներկայացված
Այս բաժնից
1876 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են