211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդին, ով մնացել է 2 ավտոբուսների արանքում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4930 դիտում article-date 18:08 11-08-2025
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի երկու ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել այդ 2 ավտոբուսների արանքում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: 
 
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը: 
 
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսներից մեկի վարորդն է, ով երբ փորձել է ավտոբուսում առաջացած ինչ-որ խնդիր լուծել, մյուս ավտոբուսը վրաերթի է ենթրակել նրան: 

Վրաերթն էլ տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայում: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր