211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խիստ կարգադրությունը տեղ հասավ. վարչական շրջանների ղեկավարները, իրար հերթ չտալով, «գրոհել են» Նուբարաշենի աղբավայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count4327 դիտում article-date 12:32 10-08-2025
Երեկ՝ օգոսոտսի 9-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ մի քանի ժամ Նուբարաշենի աղբավայրում իրենց աշխատանքային առօրյան են անցկացրել Երևանի վարչական շրջանների բոլոր ղեկավարները: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նրանց՝ աղբավայր ժամանումը, Տ. Ավինյանի կարգադրությամբ աղբավայր է ժամանել նաև քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
 
Տեղում վարչական շրջանների ղեկավարները հետևել են, թե ինչպես են հրշեջ-փրկարարները աշխատանքներ իրականացնում աղբավայրում 2 օր շարունակ վառվող կրակի մարման հետևանքով թաքնված օջախների հայտնաբերման ուղղությամբ: 

Եթե 2 օր հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է, ապա երեկ արդեն քաղաքապետի կարգադրությամբ քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ջրատար ավտոմեքենաները իրար հերթ չտալով ջուր էին մատակարարում աղբավայր, ինչը հեշտացնում էր հրշեջ-փրկարարների աշխատանքը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոչ մի վարչական շրջանի ղեկավար չի կարողացել «պլստալ», քանի որ Տ. Ավինյանը ոչ միայն խիստ կարգադրություն, այլև հանձնարարական է տվել, որ ամեն վարչական շրջանի ղեկավար պետք է Երևանի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենաներով հասնի աղբավայր ու սեփական մաշկի վրա զգան, թե ինչ տաժանակիր աշխատանքներ են կատարում հրշեջները: 
 
Քաղաքապետի հանձնարարականով նաև հերթապահություն է նշանակվել աղբավայրում, իսկ երեկ քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը աղբավայրում տիրող իրավիճակի մասին հայտարարություն էր տարածել, որը ներկայացնում ենք ստորև.  

Նուբարաշենի աղբավայրում երեկ գիշերվանից բռնկված հրդեհի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից ամբողջ գիշերվա ընթացքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին էլ իրականացվում են հովացման աշխատանքներ, սահմանվել է հերթապահություն։

Աղբավայրում մոբիլիզացված են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցների ջրատար մեքենաները, իսկ քաղաքապետարանի կոմունալ վարչության և վարչական շրջանների կոմունալ բաժինների կողմից նշված հատվածներում կատարվում են հողային աշխատանքներ։

Նշված աշխատանքները համակարգում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։


Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 9-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում հայտնի Նուբարաշեն աղբավայրում։ 

ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկների հրշեջներ մի քանի ժամ շարունակ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են Նուբարաշենի աղբավայրում առաջացած կրակի դեմ։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը։

Կարելի է ասել՝ հրշեջները միայնակ էին պայքարում մայրաքաղաքի տարբեր հատվածներից, անգամ Արմավիրի և Արարատի մարզերից երևացող կրակի դեմ։

Ծուխն ու կրակն իրենց սև գործն էին անում։

Աշխատանքները դժվարանում էին միայն, երբ հրշեջ-մեքենաները գնում էին ջրով ավտոմեքենան լիցքավորելու, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը իր տրամադրության տակ ունի մի քանի տոննա ջուր տեղափոխող ջրատար ավտոմեքենաներ, սակայն Երևանի քաղաքապետարանից ոչ միայն չբարեհաճեցին օգնության ձեռք մեկնել հրշեջներին, անգամ ջրատարները չուղարկեցին, ինչը պետք է մտահոգի առաջին հերթին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և հետաքրքիր է, որ ժամեր շարունակ քաղաքը թունավոր գազերով «գրաված» ծուխը չի անհանգստացրել նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին, ում երևի «Նոնա մորաքրոջ» հեքիաթը կանչել էր։

Կարևոր և մտահոգիչ է նաև այն, որ աղբավայրում խոշոր եղջերավոր անասուններ կային, ինչը պետք է անհանգստացներ ՍԱՏՄ աշխատակիցներին։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով հրդեհի վայր էին ժամանել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Մկրտչյանը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր