211652_close_icon
views-count3567 դիտում article-date 22:34 20-03-2018

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով ՌԴ Ուլյանովսկ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ուլյանովսկից տեսակապին մասնակցում էին ՌՀՄ Ուլյանովսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արսեն Աբրահամյանը, մշակութային հարցերով տեղակալ Աիդա Բաբայանը, երիտասարդության և սպորտի հարցերով պատասխանատու Հակոբ Միրզոյանը, առողջապահության ոլորտի պատասխանատու Սուրեն Աղեկյանը, ուսումնական մասի պատասխանատու Սոնա Սահակյանը, արտաքին հարաբերությունների ոլորտի պատասխանատու Սասուն Սահակյանը, գործարար Ռոման Մուսայելյանը: Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ուրախ եմ ձեզ միասին, համախբված տեսնել: Շնորհակալ եմ, որ փորձում եք համայնքը հայ պահել, վերանորոգել եք եկեղեցին, շուտով կվերաբացվի դպրոցը: Մեր խնդիրը ամեն երիտասարդի հայ պահելն է: Ամեն հայ պետք է տեսնի իր Հայրենիքը: Դա երիտասարդներին հայ պահելու ամենաարդյունավետ միջոցն է: Պետք է հայկական միջավայր ստեղծենք, հայերեն խոսենք, խրախուսենք հայկական երգն ու պարը: Պարի միջոցով արթնանում է երեխայի ինքնությունը: Ուզում եմ, որ լինելով ձեր բնակության երկրի օրինապաշտ քաղաքացի, շարունակել հավատարիմ մնալ հայ արմատին: Եկե՛ք Հայաստան, ներդրումնե՛ր արեք, աշխատատեղե՛ր ստեղծեք, շահո՛ւյթ ստացեք: Բոլորիդ հրավիրում եմ Հայաստան, բարով գաք»: Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը ներկայացրեց նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն» ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը և համահայկական մրցանակաբաշխությունը, Երիտասարդների համահայկական ֆորումը, հորդորեց համայնքի ակտիվ մասնակցությունը այդ ծրագրերին ու նախաձեռնություններին: ՌՀՄ Ուլյանովսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արսեն Աբրահամյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ տեսաժողովը կազմակերպելու համար: «Վստահ ենք, որ այս համատեղ քննարկումը շատ շուտով իր արդյունքները պիտի տա, կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա: Սիրով ընդունում ենք Երիտասարդական ֆորումին, «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերին մասնակցելու ձեր հրավերը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել համայնքի «Վան» պարի համույթը»: Համայնքի պատասխանատուները խոսեցին նաև երիտասարդների կրթական, մարզական, մշակութային հաջողությունների մասին, ներկայացրին խնդիրները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր