211652_close_icon
views-count2359 դիտում article-date 13:47 20-03-2018

Արա Բաբլոյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական կոմիտեի նախագահ հարգելի պարոն Նալբանդյան, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ հարգելի պարոն Ֆրասսա, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի հարգելի մասնակիցներ, տիկնայք եւ պարոնայք, նախեւառաջ, ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանում եւ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հրավերն ընդունելու համար: Մեծագույն գոհունակությամբ եմ ցանկանում նշել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում վերջին տարիներին` 2012 եւ 2014 թվականներին, ստանալով լիիրավ անդամի կարգավիճակ` Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀ Ազգային ժողովն իրենց ծանրակշիռ տեղն ունեն Ֆրանկոֆոնիայում: Ինչպես 2015 թվականը, այնպես էլ ընթացիկ տարին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համար առանձնահատուկ տարի է: 2015 թվականին մեր երկիրը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի երեսունմեկերորդ (31-րդ) նախարարական եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների ղեկավարների համաժողովները: Այսօր Երեւանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Իսկ այս տարվա հոկտեմբերի 11-12-ը, ինչպես գիտեք, Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նման միջազգային միջոցառման անցկացումը մեր երկրում ֆրանկոֆոն արժեքներին հավատարմության լրացուցիչ վկայություն է, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի անդամների հետ՝ համերաշխություն, ժողովուրդների իրավահավասարություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, մշակութային բազմազանություն եւ այլն: Երջանիկ զուգադիպությամբ հենց այսօր՝ մարտի 20-ին, ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի օրը: Այն Հայաստանում ոչ միայն չի եզրափակվում սոսկ այս օրով, այլեւ վերջին տարիներին վերածվել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակի, որը մեզ հնարավորություն է ընձեռում առնվազն երկու ամիս շարունակ մեծարելու տարբեր մշակույթներ միավորող ֆրանսերենը՝ եւս մեկ անգամ ի ցույց դնելով մեր կապվածությունը նրան եւ վեր հանելով ֆրանսերենի հարստությունն ու բազմազանությունը: Այս տարի, սիրելի բարեկամներ, այդ տոնը հարստանում եւ գեղեցկանում է նաեւ ձեր ներկայությամբ: Հարգելի գործընկերներ, այս տարի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը տեղի է ունենում մեզ` հայերիս համար հիշարժան հոբելյանների տարում: Խոսքը բացառիկ մի քանի իրադարձությունների մասին է: Մայիսի քսանութին մենք կտոնենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, իսկ աշնանը՝ մայրաքաղաք Երեւանի 2800-ամյակը: Մենք սիրում ենք կատակել, որ Երեւանը քսանինը տարով Հռոմից մեծ է: Հարգելի գործընկերներ, մոտ մեկ ամիս առաջ ողջ հայությունը նշում էր Ղարաբաղյան շարժման երեսունամյակը: 1923թ. Ստալինի կամայական որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երեք տասնամյակ առաջ աշխարհին բարձրաձայնեց իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իր կամքը: Արցախի Հանրապետությունն այսօր դե ֆակտո կայացած պետություն է` ձեւավորված պետական կայուն ժողովրդավարական համակարգով ու ենթակառուցվածքներով, զարգացող տնտեսությամբ: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ այն կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, մարդու հիմնարար իրավունքների, ինչպես նաեւ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում, որտեղ հայատյացությունը դարձել է պետական քաղաքականություն: Արցախի Հանրապետության` դեռեւս ճանաչված չլինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների իրացման համար: Մարդու իրավունքների եւ դրանց առնչվող արժեքների ամրապնդումը Ֆրանկոֆոնիայի գերակայություններից է: Հավատարիմ մնալով այդ եւ Ֆրանկոֆոնիայի մյուս արժեքներին, այդ թվում` խաղաղությանը, ժողովրդավարությանը՝ Արցախի Հանրապետությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում զարգացնելու Ֆրանկոֆոնիան Արցախի տարածքում: Դրան նպաստում են նաեւ տարբեր երկրներ ներկայացնող ֆրանսախոս խորհրդարանականների այցերն Արցախ: ՀՀ Ազգային ժողովի ֆրանկոֆոնիայի սեկցիայի աջակցությամբ եւ Արցախի խորհրդարանի ղեկավարության ակտիվ մասնակցությամբ աշխատանքներ են ընթանում Արցախում Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի կազմավորման ուղղությամբ, ինչը նույնպես կնպաստի ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության տարածմանը: Հարգելի տիկնայք եւ պարոնայք, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի խորհրդարանում, մաղթում եմ հաջողություններ ձեր աշխատանքում: Հուսով եմ, որ հնարավորություն կունենաք նաեւ ծանոթանալու հինավուրց, բայց եւ երիտասարդ մեր երկրին: Շնորհակալություն ուշադրության համար»:

Նմանատիպ նյութեր