211652_close_icon
views-count2876 դիտում article-date 16:04 12-03-2018

ԵՊՀ արաբագետների խումբը գործնական նոր կապեր է հաստատել Արաբական Միացյալ Էմիրություններում

Մարտի 6-ին ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Շարժայի ՈԻԽ անդամների հետ։ Հանդիպման ընթացքում հայ ուսանողները ծանոթացան Շարժայի համալսարանի որոշ ծրագրերի, պատմեցին Հայաստանի, Երևանի և ԱՄԷ-ից ստացած իրենց տպավորությունների մասին, խոսեցին արաբերենի բարբառներից և հայերենի յուրահատկությունից։ Հաջորդ օրը՝ մարտի 7-ին, Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվեց Շարժայի համալսարանի բանասիրության, հումանիտար գիտությունների և սոցիոլոգիայի ֆակուլտետներում։ Սոցիոլոգիայի ֆակուլտետում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպեց դեկան, դոկտոր Հուսեյն ալ-Օսմանին և փոխդեկան, պրոֆեսոր Խալիլ ալ-Մայդանին, որի ընթացքում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և դոկտոր Հուսեյն ալ-Օսմանը քննարկեցին համագործակցության զարգացման հնարավորությունները, ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները։ Հյուրընկալությունից հետո հայ ուսանողները մասնակցեցին Արաբական գրականության բաժնում կազմակերպված դասախոսությանը՝ նվիրված Աբու ալ-Տայյիբ ալ-Մութանաբբի պոեզիային։ Մարտի 7-ին ԱՄԷ կատարած ճանաչողական այցի շրջանակում արաբագետների խումբը կրկին ժամանեց մայրաքաղաք Աբու Դաբի, որտեղ հանդիպեց հանդուրժողականության նախարար, շեյխ Նահյան բեն Մուբարաք Ալ-Նահյանին։ Հանդիպումը տեղի ունեցավ վերջինիս նստավայրում, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ: Ուսանողները նախարարին պատմեցին այն վառ տպավորությունների մասին, որ ստացել էին նախօրեին կայացած գիտաժողովի ընթացքում: Խոսեցին վերջինիս ազդեցիկ ելույթից, ինչպես նաև երկրում տիրող անվտանգության մթնոլորտի, էթնոմշակութային և կրոնական բազմազանությունից: Նախարար Ալ-Նահյանն իր հերթին բարձր գնահատեց ուսանողների արաբերենի իմացությունը և վերջիններիս գիտելիքներն արաբական մշակույթի ու արաբ ժողովրդի պատմության մասին։ Հանդիպման ավարտին ԵՊՀ պատվիրակությունն այցելեց Բեն Զայիդի նշանավոր մզկիթ, որի յուրահատկությունը պայմանավորված է ոչ միայն վերջինիս մեծությամբ և շքեղությամբ, այլև արաբական և իսլամական մշակույթին հատուկ նուրբ փորաքանդակներով և խորհրդանշական մանրանկարներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր