Հավակնորդների մրցաշար. Արոնյանը խճճված իրավիճակում ոչ-ոքիի համաձայնվեց
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Մրցաշարի 1-ին տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:
Պարտիան չափազանց հետաքրքիր ստացվեց, միջնամասում Արոնյանը հաղթանակի որոշ հնարավորություններ ուներ, սակայն խաղատախտակին այնպիսի խճճված իրավիճակ էր, որ կողմերը որոշեցին ռիսկի չդիմել և արդեն 22-րդ քայլին համաձայնվեցին ոչ-ոքիին:
Երկրորդ տուրը կկայանա մարտի 11-ին: Արոնյանը սևերով կխաղա ադրբեջանցի գրոսմայստեր Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը նոյեմբերին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտ կանցկացնի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: