Լոնդոնի «Արսենալը» շարունակում է ձախողված հանդիպումների «սև շարքը»: Անգլիայի Պրեմյեր լիգայի 29-րդ տուրում Արսեն Վենգերի թիմը արտագնա խաղում 1։2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։ Սա ԱՊԼ-ում լոնդոնցիների երրորդ անընդմեջ պարտությունն էր:
Առաջին խաղակեսում «Բրայթոնը» գրագետ պաշտպանվում էր և համարձակ հակագրոհներ կազմակերպում: Ծայրահեղ անվստահ ու անփույթ են վերջին շրջանում խաղում «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխն ու պաշտպանները, որոնց կոպիտ սխալների արդյունքում էլ դաշտի տերերը երկու գոլ խփեցին:
Առաջին խաղակեսի վերջում Օբամեյանգը Ջակայի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը:
Երկրորդ խաղակեսում, «Արսենալը» թեպետ մի քանի լավ գոլային պահեր ստեղծեց, սակայն խաղը փրկել չկարողացավ՝ 1:2:
Այս պարտությունից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժարականի մասին խոսակցությունները էլ ավելի կուժգնանան: Համենայնդեպս, թիմը վերջին շրջանում բարոյալքված ու անվստահ տեսք ունի:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 83-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Արսենալը» 45 միավորով մնաց 6-րդ տեղում:
[b]Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
[/b]
«Բրայթոն» - «Արսենալ»՝ 2։1
Լյուիս Դանկ, 4, Գլեն Մարեյ, 26 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 43