211652_close_icon
views-count2864 դիտում article-date 22:34 02-03-2018

Հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված արտաքին ձևավորման հարցում կիրառել նաև կանաչապատման ինքնատիպ մոտեցումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ընդգծելով ոլորտում իրականացվող ծրագրերի հետևողականորեն կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ, կրկնապատկելով կատարված աշխատանքների ծավալը, շատ կարևոր է նաև կիրառել նոր մոտեցումներ: «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում վերջին տարիներին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաև երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է: Թեև արդյունքն իսկապես գոհացուցիչ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղած արդյունքով և նույն եռանդով շարունակել աշխատանքները, քանի որ դեռ շատ անելիքներ ունենք: Անհրաժեշտ է կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նոր մոտեցումներ, կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում: Համոզված եմ, որ թիմային ու նվիրված աշխատանքով մի քանի տարի անց կհասնենք զգալի արդյունքի», - նշել է քաղաքապետը: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման, համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու, ինչպես նաև ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով՝ հանձնարարվել է հաշվի առնել նաև Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը, ծառատեսակներն ու ծաղկատեսակները, ինչպես նաև անհրաժեշտ այլ գործոններ: «Կանաչ գոտիների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու հատկապես ծառատունկերը պետք է կատարվեն այն տրամաբանությամբ, որ դրանց արդյունքը տեսանելի լինի ոչ միայն 2-3 տարի հետո, այլ նաև տասնամյակներ անց: Մենք պարտավոր ենք հաջորդ սերունդներին փոխանցել իսկապես կանաչապատ ու ծառերով հարուստ քաղաք, ինչը հաշվի առնելով էլ մասնագետների հետ քննարկեք ու ընտրեք համապատասխան ծառատեսակներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաև բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին: «Երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների արդյունքում է նաև, որ մայրաքաղաքում կատարած աշխատանքներն առավել առարկայական ու շոշափելի են դառնում: Բացի այդ, չմոռանանք, որ իրականացվող աշխատանքներում ներգրավվելով ու անձամբ մասնակցելով, մեր քաղաքացիներն այդուհետ առավել մեծ հոգատարություն ու խնամք են ցուցաբերում դրանց նկատմամբ», - ընդգծել է քաղաքապետը: Հանդիպման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանաչապատման ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է նաև Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված կանաչապատման հարցում ինքնատիպ մոտեցումների կիրառմանը՝ ընդգծելով, որ տոնական Երևանի արտաքին ձևավորումը պետք է առանձնանա նաև կանաչապատ տարածքների հետաքրքիր լուծումներով:

Նմանատիպ նյութեր