Ջրանցքներում աղբ թափելու դեմ պայքարը նոր թափ է վերցնում
Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն առաջին հերթին անդրադարձել է ոռոգման ջրանցքները մաքրելու խնդրին:
«Յուրաքանչյուր տարի, գարնան ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է ջրանցքների մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներ: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ նման աշխատանքների զգալի մասն ուղղվում է ջրանցքներ թափված կենցաղային և այլ բնույթի աղբի մաքրմանը, որը ձևավորվում է ոռոգման, ինչպես նաև ոչ ոռոգման ժամանակահատվածում՝ հարակից բնակավայրերից։ Ստեղծվածը խոչընդոտում է ջրամատակարարման աշխատանքների կատարմանը և առաջացնում է լրացուցիչ ծախսեր»,-նշել է վարչապետը:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ոստիկանության պետին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների կատարման օրենսդրական փաթեթում, սահմանված կարգով՝ ներկայացնել ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու պատասխանատվության միջոցները խստացնելու վերաբերյալ լրամշակումներ: