211652_close_icon
views-count4350 դիտում article-date 23:07 28-02-2018

Տեղի է ունեցել տեսաժողով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների և Մերձավոր ու Միջին Արևելքի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ

Փետրվարի 28-ին տեղի ունեցավ տեսաժողով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների և Մերձավոր ու Միջին Արևելքի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՍՆ տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, Մերձավոր և Միջին Արևրլքի հայ համայնքների հետ կապերի վարչության պետ Լևոն Անտոնյանը, նախարարության աշխատակիցներ: Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանից տեսակապով հանդիպմանը մասնակցում էին «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Անի Եփրեմյանը, Հայ Երիտասարդաց Ընկերակցության մամուլի պատասխանատու, «Էրեբունի» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը, «Խօսնակ» պարբերականի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան), «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը (Իրան), «Ազդարար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Կարո Արսլանյանը (Քուվեյթ), «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը (Սիրիա), «Սուրբ Թադեոս» լրագրի գլխավոր խմագիր Ռաքել Մարգարյանը (Հորդանան): Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ արդեն որոշվել է համաժողովի անցկացման հստակ ժամանակահատվածը, ուրվագծվել է քննարկվելիք հարցերի շրջանակը, համաժողովի ձևաչափը ենթարկվել է որոշ փոփոխությունների: Նախարարի տեղակալը կարևորեց տեսաժողովի յուրաքանչյուր մասնակցի կարծիքը և հույս հայտնեց, որ նրանք հանդես կգան նոր առաջարկներով, կներկայացնեն իրենց դիտարկումները: Սերժ Սրապիոնյանը շնորհավորեց «Խօսնակ» պարբերականի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանին թերթի 60-ամյա հոբելյանի առթիվ և մաղթեց, որ անսպառ լինի «Խօսնակ»-ի խոսքի ուժը: «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը հատկապես կարևորեց օտար լրատվամիջոցներում աշխատող հայ և, ինչու չէ նաև, օտարազգի լրագրողների, հետազոտողների ներգրավումը համաժողովի աշխատանքներին, և նշեց, որ նրանց հրապարակումները կարող են դերակատարություն ունենալ համահայկական հարցերի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու գործընթացում: Շարունակելով հնչեցված առաջարկը՝ «Ազդարար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Կարո Արսլանյանը շեշտեց, որ օտար լրատվամիջոցներում կան բազմաթիվ լրագրողներ, ովքեր հետքարքրված են հայաստանյան իրականությամբ, և համաժողովի աշխատանքներին նրանց ներգրավումը կարող է արդյունավետ լինել: «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը կարևոր համարեց նաև հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցների համագործակցությունը, գործակցության համաձայնագրերի կնքումը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանը ճանաչելի դարձնել նաև օտարազգիներին: «Էրեբունի» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանն իր խոսքում ընդգծեց, որ օտարերկրյա լրատվամիջոցների հետ աշխատանքները պետք է շարունակական լինեն և ընթանան նաև համաժողովից հետո: «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը անդրադարձավ համաժողովի ձևաչափի փոփոխություններին, նշեց, որ մասնակիցները երևանյան աշխատաժողովից հետո մեկ օր կլինեն Տավուշի մարզի սահմանապահ բնակավայրերում, ապա կայցելեն Արցախ: Ըստ Գանտահարյանի՝ սահմանամերձ բնակավայրերին ծանոթանալով՝ մասնակից լրագրողները իրենց հոդվածներում կկարողանան ճիշտ նկարագրել տիրող իրավիճակը, այն ներկայացնել նաև միջազգային հանրության ուշադրությանը: «Իհարկե, ուշադրության կենտրում պիտի լինեն նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100, Երևանի 2800, Արցախյան շարժման 30 ամյակները»,-ընդգծեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը: Ողջունելով նմանատիպ քննարկումների անցկացումը՝ «Խօսնակ» պարբերականի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ համաժողովի աշխատանքներում գործուն դեր կունենան հայաստանյան և արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչները, կլինեն հանդիպումներ, կարծիքներ և փորձի փոխանակում նաև հայ երիտասարդությունը ներկայացնող շրջանակների հետ: «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը կարևորեց նախկին համաժողովների արդյունքների ներկայացումն ու ամփոփումը: ՍՆ տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը նշեց, որ համաժողովի նախագիծի նախնական տարբերակը կպատրաստվի և կներկայացվի տեսաժողովի մասնակիցների դատին:

Նմանատիպ նյութեր