5264 դիտում
13:26 28-02-2018
Ազգային ժողովը Սումգայիթյան ոճրագործությունները դատապարտող հայտարարություն ընդունեց
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ին, միաձայն (72 կողմ) ընդունեց Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարությանը միացել են ԱԺ բոլոր 4 խմբակցությունները:
Հայտարարության տեքստը.
«Արձանագրելով, որ 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրավորված ու կազմակերպված Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետեւողական քաղաքականության ևս մեկ դրսևորում էր, որը սկիզբ է առել 1918թ.-ին Ադրբեջանի հիմնադրմամբ` հատկապես Բաքվում (1918թ.) 30.000 և Շուշիում (1920թ.) 20.000 հայերի կյանքեր խլած կոտորածներով, շարունակվել է խորհրդային ժամանակաշրջանում բռնությունների միջոցով Նախիջևանի և այլ շրջանների բնակչության հայաթափմամբ և Արցախի հայության նկատմամբ բռնաճնշումներով, նոր թափ է ստացել, մասնավորապես, 1988-1991 թվականներին Սումգայիթում, Բաքվում ու Գանձակում (Կիրովաբադում) հայերի նկատմամբ իրականացված ջարդերով, 1991թ.-ից սկսած Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայով, որում ներգրավված էին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ առնչություն ունեցող հազարավոր վարձկաններ, 1991թ. իրականացված «Օղակ» ռազմական գործողության միջոցով 22 հայկական գյուղերի էթնիկ զտմամբ ու բռնագաղթով, 1992թ. Արցախի Մարաղա գյուղում ապրող տարեց մարդկանց, կանանց ու երեխաների սպանություններով, 1992թ. հայաբնակ Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի մի հատվածի բռնազավթմամբ ու հայաթափմամբ, Աղդամի մոտակայքում` ադրբեջանական զինված խմբավորումների կողմից Խոջալու ավանի բնակիչների սպանությամբ` Ադրբեջանում ներքաղաքական պայքարում դա օգտագործելու և հայերին վերագրելու նպատակով, հայ ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ հանցագործություններ իրականացրած անձանց հերոսացմամբ, հակահայկական ատելության ու անհանդուրժողականության սերմանմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ, պատմության կեղծարարությամբ, 1994-1995թթ. կնքված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումներով և դիվերսիոն ներթափանցումներով, խաղաղ բնակչության ու զինվորականների սպանություններով, քաղաքացիական հաստատությունների դեմ թիրախավորված ռմբակոծումներով, 2016թ.-ի ապրիլին Արցախի դեմ նոր լայնածավալ ագրեսիայի սանձազերծումով, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով` երեխաների, կանանց ու տարեցների սպանություններով, զոհված զինծառայողների մարմինների խոշտանգմամբ, գերության մեջ հայտնված հայ զինվորների` ահաբեկչական խմբավորումներին բնորոշ ոճով գլխատումներով:
Փաստելով, որ էթնիկ զտման, հայաթափման և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո հայտնված արցախահայության` 1988թ. փետրվարին, միջազգային իրավունքի նորմերին և գործող օրենսդրության համաձայն, խաղաղ ցույցերի միջոցով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ժողովուրդների իրահավասարության և ինքնորոշման իրավունքի կիրառման պահանջին ի պատախան Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած և ծայրահեղ հայատյացության պետական քարոզչությամբ ուղեկցվող հակահայկական բռնությունները, ջարդերն ու տեղահանումները, անհնարին էին դարձրել Ադրբեջանում հայերի գոյությունը:
Արձանագրելով, որ Ադրբեջանի իշխանությունները, հակադրվելով միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, խաթարում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցային գործընթացը` շարունակելով ապավինել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
դատապարտում է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները, ինչպես նաև հայատյաց, ռասիստական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունները:
կոչ է անում խորհրդարաններին և խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին` դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած և շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման համար»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
604 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը