Այսուհետև ՀԿ-ները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնելու ՀԿ-ների մասին օրենքի դրույթներին և վերագրանցելու
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում փետրվարի 23-ին կազմակերպված դասընթացին քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) 12 ներկայացուցիչ հիմնարար գիտելիքներ ստացան «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին։
Վերջին փոփոխությունների համաձայն՝ ներկայումս հասարակական կազմակերպությունները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենքի դրույթներին և վերագրանցելու իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Այս մասին դասընթացի մասնակիցներին հայտնեց դասընթացավար, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը։
Նա նշեց, որ ներկայումս չի նախատեսվում որևէ պատասխանատվություն՝ կանոնադրությունը օրենքին չհամապատասխանեցնելու համար և իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցելու համար։ Սակայն այդ գրանցելու դեպքում այժմ գանձվում է 5000 դրամ պետական տուրք։
Դասընթացին ներկայացրվեցին նաև ՀԿ օրենսդրության նոր կարգավորումները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում կիրառելի դարձել՝ կապված նոր օրենքի ընդունմամբ։
«Ներկայացվեցին այն առանցքային փոփոխությունները, որոնք կատարվել էին ՀԿ օրենսդրական դաշտում։ Ինձ համար շատ կարևոր էր, որ իմացանք կամավորների մասին կատարված փոփոխությունները, որովհետև մենք հաճախ ունենում ենք կամավորներ, և հիմա ուշադիր կլինենք, որ այդ կամավորների հետ ունենանք պայմանագիր»,-ասաց «Եվրասիա Համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Սիլվա Սվազյանը։
«Բժիշկների կատարելագործման միջազգային ակադեմիա ՀԿ նախագահ Դիանա Հովակիմյանի խոսքով, նման դասընթացներն արդյունավետ են պետք է շարունակական լինեն․ «Եթե օրենքին իրազեկված ես, ապա կկարողանաս ճիշտ աշխատել և խնդիրներ չեն առաջանա»,- նշեց նա։
Նշենք, որ դասընթացի մասնակիցների հիմնական մասը կանայք և երիտասարդ ակտիվիստներ էին։
Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: