7074 դիտում
21:37 23-02-2018
Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին. կազմակերպիչները փորձում են հայտնաբերել կոմպոզիտորի արխիվները
Մարտի 5-9-ը Երևանում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը։ Ամենամյա երաժշտական այս նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։ Այս տարի փառատոնը նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։
Գրիգոր Եղիազարյանը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Նրա սաներից են Ալեքսանդր Աճեմյանը, Էմին Արիստակեսյանը, Գրիգոր Հախինյանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեղունի Չթչյանը, Մարտուն Իսրայելյանը և բազմաթիվ այլ կոմպոզիտորներ։ Գրիգոր Եղիազարյանը ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ և բալետի ժանրերում, գրել է սիմֆոնիկ պոեմներ, սիմֆոնիա, բալետներ, ռոմանսներ, թատրոնի և կինոերաժշտություն։
Ստեղծման առաջին իսկ օրից Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այս նախաձեռնությունը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում և կյանքի է կոչվում նախարարության հովանավորությամբ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի անցկացումը։ «Մեզանում մշտապես նշում են, թե ժամանակակից կոմպոզիտորների գործերը չեն հնչում, սակայն Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ճիշտ հակառակն է ապացուցում։
Փառատոնն ունի շատ կարևոր առաքելություն և նպատակ. մենք պետք է պահպանենք մեր ազգային մշակույթը, հասարակությունը նաև պետք է տեսնի մեր հերոսներին, նրանց, ովքեր կերտում են մեր ժամանակակից երաժշտությունը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Նշենք, որ անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում ծավալուն աշխատանք է կատարվել. թվայնացվել են ավելի քան 50 հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են ավելի քան 200 ստեղծագործություններ, կատարվել են հայ կոմպոզիտորների 150-ից ավելի ստեղծագործությունների պրեմիերաներ: Սա հսկայածավալ գործունեություն է, որ նպատակ ունի պահպանելու և զարգացնելու մեր մշակութային ժառանգությունը։ Հայաստանում, թերևս, երաժշտագիտական ոչ մի կառույց հայ կոմպոզիտորների գործերի հանրահռչակման ուղղությամբ նման մասշտաբի մասնագիտական գործունեություն չի իրականացնում։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում թվայնացվել են նաև Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործությունների նոտաները։
Փառատոնի կազմակերպիչները փորձում են հայտնաբերել կոմպոզիտորի արխիվները։ Նրա ստեղծագործությունների նոտաները հիմնականում ձեռագիր վիճակում են և շատ վատ պահպանված։ Մի քանի գործեր հրատարակվել են 1930-40-ական թվականներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կոնսերվատորիայի, անհատների արխիվներից հայտնաբերել է Գրիգոր Եղիազարյանի կամերային գործերը, փորձում են գտնել նաև կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ դրանց նոտաները վերականգնելու և հետագայում երկացանկերում ընդգրկելու համար։
Գրիգոր Եղիազարյան ֆեստի ընթացքում կանցկացվեն 5 համերգային երեկոներ, որոնց ընթացքում կներկայացվեն ինչպես Գրիգոր Եղիազարյանի, այնպես էլ նրա սաների և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Փառատոնային համերգներին կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Սիմոն Հովհաննիսյանի, Գագիկ Հովունցի, Վալերի Սարգսյանի, Վաղարշակ Կոտոյանի, Գեղունի Չթչյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Բարսեղ Կանաչյանի, Ստեփան Լուսիկյանի, Էդուարդ Աբրահամյանի, Վաչե Շարաֆյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մի ամբողջ երեկո նվիրված կլինի սփյուռքում ապրող և սփյուռքահայ կոմպոզիտորներին. անդրադարձ կկատարվի Ռիչարդ Յարդումյանի, Ալան Հովհաննեսի, Հարություն Դելլալյանի, Նուբար Ասլանյանի, Կոնստանտին Պետրոսյանի կամերային ստեղծագործություններին։
Նմանատիպ նյութեր
6486 դիտում
15:27 03-02-2020
Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը կնվիրվի Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին
5567 դիտում
17:50 12-02-2017
Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը նվիրվում է անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին
Այս բաժնից
901 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով