211652_close_icon
views-count2604 դիտում article-date 18:46 13-02-2017

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ձայնագրում, թվայնացնում, պահպանում և սերունդներին է փոխանցում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

Փետրվարի 15-ին մեկնարկելու է Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։ Փետրվարի 13-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում փառատոնին նվիրված մամուլի ասուլիսում բանախոսները խոսեցին փառատոնի նպատակի, համերգային ծրագրերի, այս նախաձեռնության շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։ Այս տարի երաժշտական այս տոնը նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և կոչվում է Հարո Ստեփանյան-ֆեստ: Ասուլիսի ընթացքում կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը շեշտադրեց նախաձեռնության կարևորությունը. «Հիանալի նախաձեռնություն է, մենք պետք է անպայման արժևորենք մեր մեծերին: Հարո Ստեփանյանը մեր մեծ կոմպոզիտորներից է, որը ստեղծագործել է տարբեր ժանրերում: Գրել է գործեր, որոնք կարծես մոռացված են: Երիտասարդական նվագախմբի այս նախաձեռնությունը ուրախացնում է: Նորից կհնչեն Հարո Ստեփանյանի, բացի այդ, մեր նորագույն կոմպոզիտորների գործերը, կլինեն պրեմիերաներ։ Փառատոնի գաղափարն է ստեղծել և բացահայտել արժեքներ: Համոզված եմ, որ այն կբացահայտի նորանոր գործեր, որոնք հետագայում կյանք կունենան»: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը կարևորեց փառատոնի անցկացումը: Փառատոնի նպատակն է պահպանել հայ կոմպոզիտորական արվեստի շարունակականությունը: «Եվս մեկ անգամ հնարավորություն ունենք հնչեցնելու ժամանակակից կոմպոզիտորների գործեր, անդրադառնալ նրանց հոբելյաններին: 5 համերգների ընթացքում հնչելու են հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ»,- ասաց Արմենուհի Ղազարյանը՝ շեշտելով, որ փառատոնի շրջանակներում շատ կարևոր գործ է արվել՝ թվայնացվել է Հարո Ստեփանյանի ժառանգությունը, որը կպահպանվի և կփոխանցվի սերունդներին: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ պատասխանատու և պարտավորեցնող է խոսել ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող այս փառատոնի մասին: «Կարևորում եմ, որ մեզանում կա փառատոն, որը շատ նեղ մասնագիտական է, բայց ունի շատ կարևոր նպատակ և առաքելություն. երիտասարդաները, և ոչ միայն, պետք է տեսնեն մեր հերոսներին: Հարո Ստեփանյանը մեծագույն կոմպոզիտոր է: Կան շատ լավ կոմպոզիտորներ, որոնց հնարավորություն կընձեռվի այս փառատոնի շրջանակում ներկայացնել այն, ինչին նրանք նվիրել են իրենց կյանքը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը: Մաեստրո Սմբատյանը տեղեկացրեց նաև, որ անցած յոթ տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում թվայնացվել են 50-ից ավելի հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են ավելի քան 200 ստեղծագործություններ, իրականացվել են հայ կոմպոզիտորների՝ 150-ից ավելի ստեղծագործությունների պրեմիերաներ: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական հարցերի պատասխանատու Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ Հարո Ստեփանյանը մեծ ավանդ է ունեցել հայ դասական երաժշտության զարգացման գործում: Ստեղծագործել է գրեթե բոլոր ժանրերում և ավանդել է մեծ ստեղծագործական ժառանգություն: Ցավոք, կոմպոզիտորի ստեղծագործությունները տասնամյակներ ի վեր չեն կատարվում, ինչի հիմնական պատճառը նոտաների անմխիթար վիճակն է:Հարո Ստեփանյանի ստեղծագործությունների նոտաները պահպանվում են կոմպոզիտորի արխիվում՝ ձեռագիր վիճակում: Կոմպոզիտորը գրել է արժեքավոր ստեղծագործություններ ոչ միայն սիմֆոնիկ նվագախմբի, այլ նաև կամերային անսամբլների համար. վերջիններս մեծ գեղարվեստական արժեք են ներկայացնում և երբևէ չեն կատարվել: Սարգիս Բալբաբյանը խոսեց նաև փառատոնի շրջանակներում ընդգրկված սիմֆոնիկ և կամերային համերգների ծրագրերի մասին։ [b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր