Հայաստանի մարզերի և քաղաքների խորհրդանիշները ուղարկվել են վերամշակման
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է մարզերի և քաղաքների խորհրդանիշներին:
«Հայաստանի Հանրապետության մարզերը և համայնքները համապատասխան որոշումներով ընդունում են իրենց խորհրդանիշները։ Գործող օրենսդրությամբ սահմանված չեն նման խորհրդանիշների մշակման ընդհանուր, միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին։ Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»,-նշել է վարչապետը և հանձնարարել մշակույթի նախարարին և մարզպետներին՝ 2-ամյսա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի և քաղաքների խորհրդանիշների, ձևաթղթերի և անհատականացման այլ միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանման և դրանք տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ։