3177 դիտում
19:37 06-02-2018
Մենք «Հայանտառ»-ն անպայման դարձնելու ենք շահութաբեր. վարչապետը ծանոթացել է ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թ. գործունեությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 6-ին, այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017 թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում են: 9 գերակա խնդիրներից 7-ն իրականացվել է սահմանված ժամկետում, իսկ 2-ի վերաբերյալ ՀՀ կառավարություն են ներկայացվել որոշման նախագծեր: Սահմանված կարգով ընդունվել է նախարարության կողմից մշակված 52 իրավական ակտ: 2017 թ. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալը 2016 թ. 41,6 տոկոսից հասել է 60 տոկոսի, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը 180 օրից կրճատվել է 50 օրի: Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017 թ. ՀՀ մակերևութային ջրային օբյեկտների որակի և ՀՀ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի արդյունքները: Սևանա լճի ջրի որակն էական փոփոխության չի ենթարկվել, և արձանագրվել է լուրջ ձեռքբերում՝ թափանցիկությունը 13 մ է հասել. նման ցուցանիշ բնորոշ է եղել մինչև խորհրդային ժամանակաշրջանում ջրի բացթողման սկիզբը: Որոշ տեղերում ռիսկային ցուցանիշներ են գրանցվել:
Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ եթե մշտադիտարկումների արդյունքում արձանագրված ցուցանիշները և վիճակագրությունը որոշակի մտահոգիչ ազդակներ են հաղորդում, ապա իրավիճակը փոխելու համար պետք է ընդունվեն համապատասխան գործողություններ իրականացվեն: «Պետք է հստակ որոշել քայլերի հաջորդականությունը, որպեսզի մոնիթորինգն ինքնանպատակ գործընթաց չլինի: Չէ՞ որ մոնիթորինգ իրականացնում ենք, չափում ենք, որ ինչ-որ բան փոխենք»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով բնապահպանության նախարարին տեղեկատվություն ներկայացնել 2014-2017 թթ. մշտադիտարկումների արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերի, միջգերատեսչական աշխատանքի վերաբերյալ:
Վարչապետին զեկուցվել է նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին: Կարեն Կարապետյանը նշել է, որ նախարարության կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ները, բացի սահմանված գործառույթներից, պետք է նաև բիզնես բաղադրիչ ունենան և եկամտաբերություն ապահովեն. «Ամեն ՊՈԱԿ-ի տնօրեն պետք է իր համար հորիզոն ունենա՝ ինչ է անում. եթե ինքը շուկայում տեղ գրավելու հնարավորություն ու ներուժ ունի, մենք իրեն հստակ ասում ենք, թե որ ուղղությամբ շարժվի», - ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բարեփոխումներին՝ վարչապետը նշել է. «Մենք տրամադրված ենք ու «Հայանտառ»-ն անպայման դարձնելու ենք շահութաբեր, ուժեղ կառույց, ընդ որում՝ շահութաբեր, ուժեղ կառույց դարձնելու դեպքում բնապահպանական որևէ նորմ չի խախտվելու»:
Նմանատիպ նյութեր
2970 դիտում
18:00 03-02-2018
Վարչապետը ծանոթացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 2017 թ. գործունեությանը
Այս բաժնից
919 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
943 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով