2973 դիտում
18:00 03-02-2018
Վարչապետը ծանոթացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 2017 թ. գործունեությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
«Չափազանց կարևոր է, որ մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձևակերպել համայնքային և մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որևէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջև, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր և այլն», – բացման խոսքում նշել է վարչապետը:
Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017 թվականը տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների և համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել: Նա նշել է, որ ՏԿԶՆ-ն չունի կառավարության ծրագրից բխող որևէ գերակա խնդիր կամ միջոցառում, որն սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ: Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում է, որոնք չեն ունեցել համակարգային կանոնակարգված սկզբունքներ այն հիմնական հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են համայնքային տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը և այլն: Այդ նպատակով նախարարությունը 2017 թ. ստեղծել է 10 մեթոդական աջակցության բազմաբնույթ ձեռնարկ, որոնք փոխանցվել են համայնքներին: Մեթոդական ձեռնարկների կիրառմամբ խոշորացված 34 համայնքում տարեվերջին 1 մլրդ 125 մլն դրամի փոփոխություն է եղել՝ վարչական բյուջեից տեղափոխվել է համայնքի ֆոնդային բյուջե:
Դավիթ Լոքյանը նշել է, որ 2017 թ. ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը` 100.1 տոկոս): 2016 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 11.9 տոկոսով կամ 4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով: Քայլեր են ձեռնարկվում բազաների ճշգրտման և միասնական բազայի ստեղծման ուղղությամբ: Վարչապետը կարևորել է համայնքներում առկա ողջ գույքի գրանցումը և առավելագույնս ճշգրիտ գույքահարկի հաշվառումը՝ հանձնարարելով տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություն: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին՝ նշելով. «14 ցուցանիշներով գնահատում ենք մարզային մեր թիմերի աշխատանքները: Համեմատության մեջ ենք անելու. մենք հիմա մտածելու ենք՝ 14-ը մեծացնե՞նք, թե՞ չմեծացնենք, դաշտեր կան, որ դուրս են մնացել, որ անպայման մարզպետը և մեր թիմը տեղերում պետք է իմանա՞, թե՞ ոչ: 2018 թվականը պետք է վերջնական տարին լինի, որ հստակ ձևակերպվի, անընդհատ խաղի կանոն չփոխենք: Մենք ամբողջ դաշտը պետք է գծենք, վերջացնենք ու հասկանանք՝ եռամսյակը մեկ ինչ ենք ուզում, տարին մեկ ինչ ենք ուզում: Եթե մենք տարեցտարի հետևենք, գալու ենք մի վիճակի, որ լուծելու ենք ընթացիկ խնդիրները»:
Նախարար Դ. Լոքյանն անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նշել է, որ 2017 թ. տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56 տոկոսով: Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 տոկոս աճ է արձանագրվել: 2017 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82-85 տոկոս, մինչև 2018 թ. մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի: Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, հանձնարարել է հետևողական լինել և շարունակել քայլերը դաշտը կանոնակարգելու ուղղությամբ:
Մարզային ներդրումային ծրագրերի հետ կապված նախարար Լոքյանը զեկուցել է, որ հավանության է արժանացել մարզային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20 ներդրումային ծրագիր՝ 638,355 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներով՝ 8-12 տոկոս տոկոսադրույքով: 3 ծրագրի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար սուբսիդավորում` 3 տոկոսի չափով: Կարևորելով ՀՀ մարզերից ներկայացվող բիզնես ծրագրերի որակական փոփոխությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել բիզնես ծրագրերի մշակման մարզային հարթակներ ձևավորելու վերաբերյալ առաջարկություն:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել նաև գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, շինարարության, մշակույթի և մյուս ոլորտներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, որոնք նպաստում են մարզերում և համայնքներում այս ուղղություններով դրական տեղաշարժին և կառավարության կողմից դրված խնդիրների լուծմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է նախարարության աշխատակազմին՝ էլ ավելի մեծ թափով շարունակել ծրագրերի իրականացումը:
Նմանատիպ նյութեր
1929 դիտում
11:52 09-04-2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին
Այս բաժնից
799 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել