3070 դիտում
12:19 04-02-2018
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Քաղցկեղը նոր հիվանդություն չէ։ Շատ դարեր առաջ եղած չարորակ նորագոյացությունները, սակայն, մեր օրերում ավելի հաճախ են հանդիպում։ Բազմաթիվ պատճառներից են Երկիր մոլորակի բնակչության թվի և կյանքի տևողության ավելացումը, քանի որ հիվանդության առաջացումը պայմանավորված է նաև տարիքով: Հայաստանում քաղցկեղի առաջացման հավանակությունը առավելագույնն է 65 և բարձր տարիքային խմբում:
Միջազգային գրականության տվյալներով աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 12 մլն նոր դեպք և շուրջ 8 մլն մահ` կապված չարորակ նորագոյացությունների հետ: Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը նոր դեպքերի թիվը կարող է հասնել 27, իսկ մահերինը` 17 միլիոնի: Միաժամանակ, տարեկան 75 մլն մարդ քաղցկեղ ախտորոշելուց հետո ապրում է 5 և ավել տարի:
Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում։ Այսպես, եթե 2014թ. առաջին անգամ ախտորոշվել է չարորակ նորագոյացությունների 8.365 դեպք, ապա 2015-ին` 8.372, իսկ 2016-ին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 0.04%-ով:
2016թ-ին, նախորդ տարվա համեմատ, շուրջ 4%-ով ավելացել է դիսպանսեր հսկողության տակ գտնվող քաղցկեղով հիվանդների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է երկրում իրականացվող սկրինինգային ծրագրերի արդյունավետության բարելավման հետ: Դրա մասին է վկայում նաև 2016թ. քաղցկեղից մահվան դեպքերի, նախորդ տարվա համեմատ, շուրջ 7%-ով նվազումը:
Տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչառական օրգանների, միզապարկի, շագանակագեղձի և ստամոքսի չարորակ նորագոյացությունները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի մարմնի և պարանոցի քաղցկեղները:
Քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է չարորակ նորագոյացության առաջացման հնարավորությունը:
Դրանցից առաջատարը ծխախոտի օգտագործումն է, որն առաջացնում է 16 տեսակի չարորակ նորագոյացություններ: Ապացուցված է, որ քաղցկեղից մահացության 21-30%-ը ծխելու, իսկ երբեք ծխախոտ չօգտագործած մարդկանց շրջանում չարորակ նորագոյացությունների 10-15%-ը` պասիվ ծխելու հետևանք են:
Կարևոր ռիսկի գործոններ են նաև վարակները, որոնցով պայմանավորված է քաղցկեղների 15-20%-ը: Դրանք են մարդու պապիլոմավիրուսը, հեպատիտ B և C-ի վիրուսները, Էպշտեյն-Բառի վիրուսը և այլն:
Քաղցկեղի առաջացմանը նպաստում են նաև ալկոհոլի չարաշահումը, սխալ սննդակարգը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ճարպակալումը և այլն:
Քաղցկեղը կարելի է կանխարգելել և արդյունավետ բուժել` հատկապես վաղ հայտնաբերման դեպքում:
Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ազգային ռազմավարության հայեցակարգի մշակման նպատակով աշխատում է հանրապետության առաջատար մասնագետների ընդգրկմամբ հանձնաժողովը, որի պատվավոր համանախագահը Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար, Լոնդոնի Թագավորական քոլեջի ղեկավար Արա Դարզին է։
Ահա այն պարզ գործողությունները, որոնք կօգնեն նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, իսկ դրա զարգանալու դեպքում էապես բարելավել դրական ելքի հավանականությունը.
-Մի ծխեք և մի թույլատրեք, որ ծխեն Ձեր և Ձեր հարազատների կողքին
-Եղեք ֆիզիկապես ակտիվ օրական առնվազն 30 րոպե
-Պահպանեք առողջ սննդակարգ` սահմանափակելով ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը
-Երկար մի մնացեք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո
-Կանխարգելիչ նպատակներով առնվազն տարեկան մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում` անհապաղ այցելեք Ձեր բժշկին
-Մասնակցեք սկրինինգային ծրագրերին
-Քրոնիկ հիվանդությունների բուժման և կառավարման նպատակով մշտապես դիմեք Ձեր բժշկին
-Պատվաստվեք մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ Բ-ի դեմ։
Նմանատիպ նյութեր
1238 դիտում
12:17 04-02-2023
Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք. Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1093 դիտում
12:01 15-02-2019
Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
1083 դիտում
12:14 04-02-2015
Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Այս բաժնից
1018 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1048 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1624 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը