Ապրիլյան պատերազմի հերոսները Լոս Անջելեսում հանդիպել են արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանի հետ
Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը հանդիպել է 2016 թվականի ապրիլին Արցախում քառօրյա պատերազմի 2 հերոսների՝ Նարեկ Մալխասյանի և Մարատ Պետրոսյանի հետ, հայտնում է Asbarez պարբերականը:
Պատվավոր հյուրերը Լոս Անջելես են ժամանել՝ մասնակցելու հունվարի 28-ին Հայաստանի Բանակի օրվա 26-րդ տարեդարձի տոնակատարությանը:
Հերոսներին ուղեկցել են Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և Լոս Անջելեսում Հայաստանի Գլխավոր հյուպատոսարանի խորհրդական Ռազմիկ Ստեփանյանը:
Արքեպիսկոպոսը սրտանց ողջունել է հերոսներին՝ արժանին մատուցելով նրանց հերոսությանն ու հայրենիքին նվիրվածությանը:
Զրույցից հետո այցը շարունակվել է Սուրբ Տրդատի և Աշխենի եկեղեցում, որտեղ արքեպիսկոպոսը աղոթել է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար ու օրհնել հերոսներին: