Միջազգային մրցաշարի երկրորդ շրջանում հայ հրաձիգները բարելավեցին արդյունքները
Երեկ հրաձգության Մյունխենի միջազգային մրցաշարում մրցումային վերջին օրն էր։ Երկրորդ շրջանում հայ հրաձիգներն ավելի հաջող հանդես եկան և բարելավեցին իրենց միավորները։ Այս մրցաշարում Հայատանի պատանեկան հավաքականի անդամները հանդես էին գալիս երիտասարդների պայքարում։
10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը։ 10 մ օդամղիչ հրացան մրցաձևում Ալլա Պողոսյանը 12-րդն էր։ Մյունխենում 15-ամյա Պողոսյանի խոցած միավորը համապատասխանում է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը։
Նույն մրցաձևում երիտասարդ տղաների պայքարում Նարեկ Ադամյանը 14-րդ տեղում էր, իսկ Հայկ Բաբայանը՝ 28-րդ։
Մեծահասակների պայքարում Հրաչիկ Բաբայանը 10 մ օդամղիչ հրացանում 65-րդն էր, իսկ Մարիամ Միքայելյանը՝ 68-րդը։ Իրենց միջոցներով Մյունխենի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականին էին միացել Քրիստիան և Իրինա Լաուերները։ Նրանք, համապատասխանաբար, զբաղեցրին 90-րդ և 57-րդ տեղերը (10 մ օդամղիչ հրացան)։
Մյունխենյան միջազգային մրցաշարը տարվա ուժեղագույն մրցաշարերից է։ Այն մասնակիցների քանակով չի զիջում Եվրոպայի առաջնությանը։ Սեյրան Նիկողոսյանի գլխավորած հավաքականը կվերադառնա Երևան և կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։ Այն հատկապես կարևոր է մեր պատանի հրաձիգների համար, քանի որ աշխարհամասի առաջնությունը վարկանիշային է Բուենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի համար։
Մյունխենի միջազգային մրցաշարում հայ պատանիների գրանցած արդյունքները մրցունակ են աշխարհամասի պատանիների առաջնության համար և նրանք օլիմպիական ուղեգրի մեծ շանսեր ունեն։


