211652_close_icon
views-count1992 դիտում article-date 19:20 26-01-2018

Այն ինչ անում էինք ինտուիտիվ, այժմ դրա վերաբերյալ ունենք բազային գիտելիքներ․ ՔՀԿ կարողությունների զարգացման կրթական ծրագրի շրջանավարտ

Հունվարի 26-ին Երևանում և մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 16 ներկայացուցիչ Հայաստանի ամերիկյան համալսարանի ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրի ավարտական հավաստագրեր ստացան։ Կրթական ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ ազդեցիկ դարձնելն է։ Հունվարի 26-ին դասընթացն ավարտում էր ՔՀԿ ներկայացուցիչների 6-րդ փուլը։ Երևանից և մարզերից դասընթացին հաջողությամբ մասնակցություն ունեցած ՔՀԿ ներկայացուցիչներին հավաստագրեր հանձնեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։ «Կոալիցիայի զարգացման և հանրային քաղաքականության մշակման հարցում ազդեցիկ լինելու տեսանկյունից դասընթացը շատ օգտակար էր։ Դասընթացը շատ ակադեմիական էր կառուցված։ Կարծում եմ, որ շատ դեպքերում այն, ինչ շատ հաճախ անում էինք ինտուիտիվ և ոչ հաշվարկված, այժմ դրա վերաբերյալ ունենք բազային գիտելիքներ»,- ասաց «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ, ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը։ Եվրոպական բիզնես ասոցիացիայի բիզնեսի զարգացման ղեկավար Գարեգին Գալուստովը նշեց, որ դասընթացի ընթացքում սովորել են կոալցիաներ և ցանցեր կազմելու, դրանց զարգացնելու և հանրային քաղաքականությունների մշակման դաշտում ազդեցիկ լինելու հմտությունները․ «Մեծ հնարավորություններ էր նաև մարզերում գործող կազմակերպությունների հետ կապեր ստեղծելը՝ հետագայում վստահելի գործընկերություն սկսելու համար»,- ասաց նա։ Կրթական ծրագիրն արդեն իսկ ունի 88 շրջանավարտ։ Նշենք, որ կրթական ծրագիրն իրականացվելու է ընդհանուր առմամբ 120 ՔՀԿ ներկայացուցիչների համար՝ Երևանից և մարզերից։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները ուսուցանվում են հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: [b]Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող[/b]

Նմանատիպ նյութեր