211652_close_icon
views-count2380 դիտում article-date 14:00 30-12-2017

ՔՀԿ-ների հավաստագրային կրթական ծրագիրն արդեն 58 շրջանավարտ ունի

Հայաստանի ամերիկյան համալսարանում շարունակվում է քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագիրը։ Այսօր արդեն ծրագրի 4-րդ փուլի շրջանավարտները ավարտական հավաստագրեր ստացան։ Երևանի և հայաստանյան մարզերից այս փուլին մասնակցեց 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ Երևանից և մարզերից: Կրթական այս նոր ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: «Դասընթացը տալիս է նոր կապեր և ապագայի համագործակցության համար շատ լավ հիմք։ Հավաքվում են կազմակերպություններ, որոնք միասին փորձում են հասկանալ, թե ո՞րն է իրենց դերը և թե դասընթացներից հետո ինչպես կարող ենք կոալիցիաներ, ցանցեր ստեղծել՝ տվյալ ոլորտում ավելի կայուն գործունեություն ծավալելու համար»,- նշեց դասընթացի շրջանավարտ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սոնա Մակասյանը։ Մեկ այլ շրջանավարտ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ներկայացուցիչ Վահե Խաչիկյանը կարևորեց ստացած գիտելիքները․ « Գիտելիքի ու հմտությունների առումով էլ միանշանակ շատ կարևոր էր, քանի որ այն գիտելիքները, որ մեզ տվեցին փորձագետները, ովքեր ունեն տարիների փորձ, և այն ռեսուրները, որ կարող ենք մենք հետագայում օգտագործել՝ ամեն օր չէ, որ կարող ենք ստանալ»,-ասաց նա։ Այսօր հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի գործընկեր, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նկատեց, որ դասընթացները դրական մթնոլորտում են անցնում․ «Լսարան մտնելիս անմիջապես զգացվում է, թե մթնոլորտն ինչ դրական է։ Իսկապես, այս մթնոլորտում համագործակցային մոտեցումն ամենակարևորն է»։ Նշենք, որ կրթական ծրագիրն արդեն իսկ 58 շրջանավրտ ունի։ Այն իրականացվելու է ընդհանուր առմամբ 120 ՔՀԿ ներկայացուցիչների համար։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները կուսուցանվեն հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով: Կրթական ծրագիրը կշարունակվի նաև Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ավարտից հետո։ ՔՀԿ ներկայացուցիչները շարունակաբար հնարավորություն են ունենալու վերոնշյալ ոլորտներում նոր գիտելիքներ և հմտություններ ձեռքբերել։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

Նմանատիպ նյութեր