Փաստաբանները շարունակում են միանալ հայտարարությանը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում փաստաբանները:
16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել:
Նշված հայտարարությանը 19.01.2018թ. ժամը 14:00-ի դրությամբ միացել է 1110 փաստաբան:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը գրություն է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամները ցանկանում են քննարկման առարկա դարձնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառելու իրավակարգավորման հետ կապված հարցը: