12570 դիտում
16:23 12-01-2018
Ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել. Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱԺ ղեկավար կազմի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ թեև պարբերաբար հանդիպում է ունենում ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, սակայն նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է և նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի շարք հարցերի վրա՝ նկատի առնելով, որ ԱԺ գործունեության իր տեսլականի մասին հանգամանորեն խոսել է դեռևս անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում, և այդ ուղերձի դրույթներին կրկին չի անդրադառնա:
Հանրապետության Նախագահի խոսքից հետո Արա Բաբլոյանը ներկայացրել է Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ու արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ 6-րդ գումարման գործունեության ընթացքում իրականացված աշխատանքները, հանրությանը հետաքրքրող կարևորագույն և արդիական հարցերի շուրջ խորհրդարանում կայացած լսումները, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գործունեության հիշյալ ժամանակահատվածի արդյունքները, այդ թվում` խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ:
Խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները և հանդիպմանը ներկա մյուս պատգամավորները` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» , «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները քննարկման ժամանակ իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել Հանրապետության Նախագահի կողմից կարևորված խնդիրների և առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, ինչպես նաև առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:
Խորհրդարանականները համակարծիք են եղել, որ պետության համար կարևորագույն հարցերում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մշտապես ցուցաբերել են միասնականություն և համախմբել են ուժերը ինչպես միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատանքի ժամանակ, այնպես էլ երկրի պաշտպանությանը, անվտանգությանը վերաբերող հարցերում: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում նրանք ընդգծել են ԱԺ աշխատակազմի հատկապես վերլուծական, փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, տարբեր երկրների հետ բարեկամության խմբերի աշխատանքի որակի բարելավումը:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԱԺ 6-րդ գումարման ընթացքում խորհրդարանի կողմից իրականացված աշխատանքի մասին` միաժամանակ ընդգծելով, որ չպետք է բավարարվել արվածով, այլ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տեմպը, որպեսզի առկա բոլոր խնդիրներին ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տրվեն:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր իշխանության հարգելի՛ գործընկերներ,
Այս հանդիպումը որոշ չափով աննախադեպ է: Թեև ես պարբերաբար հանդիպում եմ Ազգային ժողովի նախագահի, այլ պատգամավորների հետ, բայց անհրաժեշտություն համարեցի այսօր հանդիպում կազմակերպել այս ձևաչափով: Ազգային ժողովի գործունեության իմ տեսլականը մանրակրկիտ ներկայացրել եմ անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում և բնականաբար այսօր չեմ կրկնի այդ ուղերձի դրույթները, այլ կկենտրոնանամ բոլորիս հուզող այլ հարցերի վրա:
Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ: Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, և պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:
Սրանք լավ և, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը և բավարարվենք արվածով: Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին:
Կարճ ժամանակում էլի պետք է ահռելի օրենսդրական աշխատանք կատարվի, ուստի աշխատանքի արդյունավետությունը դառնում է խիստ կարևոր: Պետք է նոր և ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության մասին, անվտանգության խորհրդի մասին, և այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ և անցնցում ընթացքը:
Հարգելի՛ գործընկերներ,
Ձեր աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը: Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաև տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում:
Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա և ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը:
Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են:
Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը:
Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաև երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել:
Հուսով եմ, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները ևս չեն տուժի այս ընթացքում՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն: Այս հարցին դեռևս մանրակրկիտ անդրադառնալու, իհարկե, առիթներ մենք ունենալու ենք: Եթե կուզեք այսօր էլ կարող ենք այս հարցերին անդրադառնալ, եթե ոչ՝ ապագա քննարկումների ընթացքում: Տարեվերջին՝ դեկտեմբերին տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի կազմակերպման և անցկացման գործում Ազգային ժողովը, ըստ ավանդույթի, իր յուրահատուկ ներդրումը պետք է կատարի:
Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է:
Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը: Ապագայում Հանրապետության Նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման և սրբագրման գործընթացին, ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա: Սա էլ շատ կարևոր հանգամանք է, և մենք շատ ուշադիր պետք է լինենք սրա նկատմամբ:
Ազգային ժողովի աշխատակազմը նաև պետք է փորձագիտական աջակցություն տրամադրի ոչ միայն օրենսդրության մշակման, այլև գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ: Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում:
Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում: Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար:
Գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաև լրացնել սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը: Ազգային ժողովը նաև պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը:
Եվ, անշուշտ, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Ես նշեցի որոշ ուղենիշներ դեպի կառավարման նոր համակարգ տանող մեր ճանապարհային քարտեզի վրա: Այսօր գուցե արժե կենտրոնանալ և անդրադառնալ ընդհուպ մինչև մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա: Ակնկալում եմ, որ դուք ակտիվ և անկաշկանդ կլինեք այս քննարկման ընթացքում:
Այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-րդ տարեդարձը, և մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն ժամանակակիցների, այլև Հայաստան աշխարհի հազարամյակների պատմության և մայիսյան մարտերի հերոսների հիշատակի հանդեպ: Վստահ եմ, որ այս հանգամանքի գիտակցումը ուղեկցելու է մեզ գալիք ամիսների ընթացքում:
Շնորհակալ եմ ուշադրության համար, այժմ անցնենք քննարկումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
Նմանատիպ նյութեր
11233 դիտում
14:14 20-02-2017
Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5447 դիտում
16:29 19-03-2018
Նախագահը հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1135 դիտում
11:02 27-11-2024
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
1354 դիտում
10:23 27-11-2024
7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ
697 դիտում
09:39 27-11-2024
Քննչական կոմիտեում քաոս չկա․ ՔԿ մամուլի խոսնակ