211652_close_icon
views-count4991 դիտում article-date 21:17 30-12-2017

Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դեկտեմբերի 30-ին, հայտնի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին շնորհել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան: Կենսագրական տվյալներ. Խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 23-ին: Սովորել է Սեն Միշել վարժարաններում, 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961թ.` ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում: Չեքիջյանը 1944-1951թթ. ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» եւ բարեգործական հաստատությունների այլ երգչախմբերը: 1947թ. նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, 1957թ.-ից՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-1961թթ.՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: 1961թ. Չեքիջյանը հայրենադարձել է եւ նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր: Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երեւանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երեւույթ: 1982-1987թթ. Չեքիջյանը միաժամանակ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է եղել: Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախումբ (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի եւ այլն):

Նմանատիպ նյութեր