Եթե համայնքն իր միջոցներից ֆունդամենտալ ծախսեր անի, ապա համայնքին լրացուցիչ գումար կտանք. վարչապետ
Կառավարությունը որոշել է բարձրացնել ՀՀ պետբյուջեից համայնքներին տրվող սուբվենցիաները (ՏԻՄ-երին տրվող պետական նպաստ):
Մասնավորապես, սուբվենցիաների տրամադրումը կիրականացվի գնահատման միջոցով՝ բարձրացնելով պետական և տեղական բյուջեների ծախսերի արդյունավետությունը: Կսահմանվեն նաև արդյունքային վերահսկողության ցուցանիշներ յուրաքանչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը կդառնա ավելի թափանցիկ և վերահսկելի:
«Վերջերս մարզպետների հետ հանդիպման ժամանակ մենք շատ հստակ ձևակերպել ենք, թե սեփական եկամուտներն ինչքանով պետք է աճեն, ձևակերպել ենք, որ սանմաքրման և աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսածածկվող: Մենք սուբսիդավորում էինք համայնքների բյուջեների երկու երրորդից ավելին ու նաև կային ֆինանսական կարգապահության հետ կապված այլ խնդիրներ: Այս պարագայում մենք կանխատեսում ենք, որ եթե համայնքն իր սեփական միջոցներից ու այն սուբսիդավորումից, որը մենք համահարթեցման ենք տալիս իրեն, կապիտալ, ֆունդամենտալ ծախսեր անի համայնքում և գնա բյուջետային ծրագրով, ապա մենք համայնքին լրացուցիչ գումար ենք տալու»,- ասել է վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ այդ քայլով կառավարությունը 2018 թ. կարող է լուրջ արդյունքներ ստանալ, և այս առումով ակնկալվում է արմատական փոփոխություն և ակտիվություն: