211652_close_icon
views-count4734 դիտում article-date 10:52 27-12-2017

Ամբախ-զամբախ խոսում ենք բռնության, վառելու, գյուլլելու, ոչնչացնելու և սատկացնելու մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Շատ վաղուց՝ 1970-ականների սկզբին, խորհրդային կինոթատրոններում ցուցադրվում էր «Մասնագիտական ռիսկ» դրաման: Ֆիլմը նկարահանվել է 1967 թվականին, գլխավոր դերում հանդես է եկել հրաշալի երգահան Ժակ Բրելը: Փոքրիկ գավառական քաղաքի ուսուցչին աշակերտուհիները զրպարտում են, թե իբր նա ուզեցել է բռնաբարել իրենց: Հարցաքննություններից մեկի ժամանակ Բրելի հերոսը հարցնում է քննիչին՝ «մի՞թե ես նման եմ մի մարդու, որն ընդունակ է նման հրեշավոր հանցագործության»: Ի պատասխան` քննիչը ցույց է տալիս արտաքինից միանգամայն նորմալ մի մարդու լուսանկար, որը, պարզվում է, մարդասպան էր: Այդ ֆիլմը ես միշտ հիշում եմ, երբ համացանցում պարբերաբար հայտնվում է ամուսնական մի զույգի նկար, որն արված է, հավանաբար, հարսանիքի կամ նման միջոցառման ժամանակ: Ֆոտոխցիկի առջև կիսաժպտացող տղամարդու և կնոջ սովորական նկար է, նման լուսանկարներ հազարներով են հանդիպում ֆեյսբուքում: Բայց մենք գիտենք, որ, ըստ քրեական գործի նյութերի, տղամարդը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում իր կնոջ նկատմամբ, և ի վերջո կինը նրան սպանել է: Եթե այդ վարկածը ճիշտ է, ապա իրավաբանների տեսանկյունից մոտիվ, կարծես թե, գոյություն ունի: Բայց մնացածների համար նման դաժան սպանության պատճառն, այնուամենայնիվ, անհայտ է մնում: Նման դեպքերի մասին վերջերս հաճախ ենք կարդում, և պատճառը ըստ երևույթին այն չէ, որ դրանք շատացել են՝ պարզապես դրանք այլևս չեն թաքցվում: Եթե խոսքը մեղսունակ, ոչ հարբեցող, ոչ թմրամոլ մարդկանց մասին է, ապա կողակցի հանդեպ դաժանության դրսևորումներն է՛լ ավելի անհասկանալի են դառնում: Հեռու եմ այն մտքից, որ նման բաներ միայն Հայաստանում են կատարվում, բայց դա էլ մեզ, կարծում եմ, չպիտի սփոփի: Եվ մենք էլ, երևի, պիտի մեզ հարց տանք՝ ինչո՞ւ: Հավանաբար, պատճառներից մեկն այն է, որ մենք չափից դուրս անզգույշ և, թող թույլ տրվի ասել, «ամբախ-զամբախ» խոսում ենք բռնության, վառելու, գյուլլելու, ոչնչացնելու և սատկացնելու մասին: Իհարկե, այդ խոսակցությունների մի մասը կրում է, այսպես ասած, «քաղաքական» բնույթ, երբ, օրինակ, նախկին հայաստանցիները, արմավենիների տակ նստած, մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս, ցուցումներ են տալիս, թե հատկապես ում և ինչպես է պետք վառել ու կախել: Բայց ընդհանուր առմամբ բռնության նկատմամբ մեզանում իմունիտետ չկա, և կենցաղային թե քաղաքական կրքերի բռնկման պահին տեսականորեն մենք հնարավոր ենք համարում, որ մարդը ձեռք բերի գազանի հատկություններ: Խոսքը կամ անգամ միտքը հատկություն ունեն նյութական ուժ դառնալու: Դրանց հետ պետք է զգույշ վարվել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր