211652_close_icon
views-count15269 դիտում article-date 09:39 27-12-2017

Ալիևի կոչը. լավ և վատ նորություն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին առավել սերտացնել կապերը հայրենիքի հետ, առավել ակտիվ լինել հայրենիքի խնդիրների հարցում, միավորվել, ամուր կամք դրսևորել ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումների սպասարկման համար: Այլ կերպ ասած՝ Ալիևը ադրբեջանական «սփյուռքի» մոբիլիզացիա է հայտարարում, ինչը մի կողմից լինելով Հայաստանի, նաև հայկական սփյուռքի համար մարտահրավեր, մյուս կողմից նաև վկայում է որոշակի նոր իրողությունների մասին, որոնք կարող են դիտվել որոշակիորեն դրական երանգների մեջ: Ինչի մասին է խոսքը: Լավ է, եթե Ալիևը դիմում է ոչ թե, այսպես ասած, ադրբեջանական բանակին, այլ ադրբեջանական սփյուռքին: Դա նշանակում է, որ նա ինչ-ինչ պատճառներով սկսել է ավելի ու ավելի քիչ տեսնել բանակով հարց լուծելու հնարավորություն: Հետևաբար, այս տեսանկյունից, իհարկե, հնարավոր է նրա հայտարարություններում նշմարել դրական տոներ, գուցե Ալիևի համար էլ ակամա: Մյուս կողմից՝ սա, իհարկե, նոր մարտահրավեր է Հայաստանի և հայության համար: Ընդ որում՝ մարտահրավեր ոչ այն իմաստով, որ ադրբեջանցիները կսկսեն ակտիվորեն հակահայկական քարոզչություն վարել՝ օգտագործելով նաև նավթադոլարները, այլ պարզապես կարող են հայությանը ներքաշել ծուղակը: Ինչի մասին է խոսքն այս դեպքում: Պարզունակացնելով խնդիրը՝ բերենք մի փոքր օրինակ. ադրբեջանցիները մեզ պարզապես կարող են սկսել աշխարհով մեկ ասել, օրինակ, «ավանակ», իսկ մենք էլ ի պատասխան կսկսենք նրանց ասել՝ «ավանակը դուք եք»: Կստացվի անիմաստ մի մրցավազք, որում պարզապես հնարավոր չէ, ինչպես ռուսները կասեին, перекричать, ավելի բարձր գոռալ և խլացնել նրանց: Մինչդեռ դա կարող է լինել հայկական սփյուռքի ներուժը մսխելու և անիմաստ այդ մրցավազքի վրա վատնելու լավագույն մարտավարությունը, որ կկիրառի Ադրբեջանը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի այդ կոչի ֆոնին, ըստ էության, հայելային արտացոլումով առավել սրվում է հարցը, թե որքանով է արդյունավետ օգտագործվում հայկական սփյուռքի ահռելի ներուժը Հայաստանի պետական խնդիրները միջազգային ասպարեզում սպասարկելու հարցում: Այդ տեսանկյունից, անցնող 2017 թվականին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովը, որի գրեթե ընթացքին զուգահեռ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրում ինքն արտահայտում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայության դիրքորոշումն ու մեսիջը, որ հղում է Հայաստան-Սփյուռք համաժողովը»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր