211652_close_icon
views-count34442 դիտում article-date 10:48 26-12-2017

«Քյարթուիզմի» անզուսպ քարոզչության պարագայում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Պետք է խոստովանեմ, որ ինձ չզվարճացրեց գեներալ Սեյրան Սարոյանի բարոյախրատական դասախոսությունը: Ես չեմ հասկանում, թե ինչու են «գեղջկական փիլիսոփայի» տգետ դատողություններն այդքան զվարճալի: Ո՞րն է «քյարթու», քարանձավային մտածելակերպի հումորը: Ինչո՞ւ պետք է սահմանափակ մտահորիզոնն ինքնին ծիծաղելի լինի: Գեներալն իր ճառերն, ըստ ամենայնի, լուրջ էր արտասանում, ծաղրածուի դերին չէր հավակնում, բայց դա մատուցվում էր որպես հումոր, որը ես, ճիշտն ասած, չեմ հասկանում: Բայց հումորի զգացողությունն անհատական է, և ինչպես ճաշակին, այնպես էլ հումորին ընկեր չկա: Ինձ անհանգստացնում է մեկ այլ՝ ավելի հիմնարար խնդիր: Նման մարդկանց առաջարկած «դեղատոմսերը» (օրինակ՝ հարբելու, «մատ տալու և հետ տալու» մասին) ազդում են հասարակության վրա: Չեմ բացառում, որ ինձ նման մտածողը ինչ-որ մի միջավայրում «լավ տղա» երևալու համար գուցեև փորձի խոսել գեներալի ձևակերպումներով և բառապաշարով: Իսկ հիմա պատկերացրեք, որ գեներալն ընկավ ինձ նման մարդկանց միջավայր, արդյոք նա կփորձի՞ ավելի զուսպ և մտածված խոսել: Իհարկե` ոչ: Ինչ է ստացվում՝ նրանք մեզ վրա ազդում են, իսկ մենք նրանց վրա բացարձակապես ազդեցություն չունենք: Եվ այդպես է ոչ միայն «քյարթուիզմի» անզուսպ քարոզչության պարագայում: Այդպես է նաև ցանկացած քաղքենիական սահմանափակ մտածողության դեպքում: Մարդիկ ամենուրեք փնտրում են և գտնում են հազարումի արդարացում, թե ինչու են նրանք վատ քաղաքացի: «Ես իմ «մարշրուտում» ռաբիս երաժշտություն եմ միացրել և ծխում եմ՝ բա էդ մեծահարուստները, որ Մանումենտ դղյակներ են սարքել, լա՞վ ա»: «Ես «գաիշնիկ» լինելով վարորդներից 5 հազար դրամ եմ կորզում, բա լա՞վ ա, որ ընտեղ վերևներում միլիոններ են ուտում»: «Ես տղայիս բանակից փախցնում եմ, բա լա՞վ ա, որ էն օլիգարխների տղերքը չեն ծառայում»: Եվ այս դեպքում է՛լ ավելի դժվար է նման մտածողությանը հակադրվելը, և երբ փողոցում կամ ֆեյսբուքում սկսվում են նման խոսակցությունները (իսկ դրանք իրականում անվերջանալի են), կարծես թե ավելի խելամիտ է լռելը կամ այս զանգվածի հետ «անարդարություններից» բողոքելը, քան քո սեփական կարծիքն ասելը: Որովհետև նույնիսկ այն մարդիկ, որոնց մտավոր մակարդակը գեներալ Սեյրանից էապես բարձր է, կցանկանան հաճոյանալ մեծամասնությանը, լեզուն ճպճպացնել և ձեռքերը ծնկներին զարկել: Ես շարունակում եմ մտածել, որ եթե ես «իմ փայ» ապօրինությունը չանեմ, ապա ապօրինությունների թիվը երկրում 1/3 000 000-ով կպակասի: Ցավոք, ինձ հետ համաձայն է մի քանի հարյուր հոգի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր