211652_close_icon
views-count12359 դիտում article-date 23:06 25-12-2017

Նոր տարին նոր տանը. Արցախում վերաբնակեցված լիբանանահայ ընտանիքը նորակառույց առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լիբանանից Արցախ տեղափոխված Վահե Աշգարյանի ընտանիքը այսօր բնակարանամուտ նշեց ազատագրված Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղի վերաբնակեցմանն ուղղված ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլ ջանքերի, այս ծրագիրը բնակարանային աջակցություն է տրամադրում Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայ և լիբանանահայ ընտանիքներին: Բնակարանամուտի արարողությանը մասնակցեցին Քաշաթաղի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, ինչպես նաև Արցախի առողջապահության նախարարության, Բերձորի հիվանդանոցի և Իշխանաձորի համայնքի ներկայացուցիչները: Վահե Աշգարյանն իր 4 երեխաների հետ Արցախ է տեղափոխվել երկու տարի առաջ և նոր տուն հաստատել Իշխանաձոր գյուղում, որտեղ ներկայումս 20 սիրիահայեր և լիբանանահայեր են ապրում: Քաշաթաղը (նախկինում` Լաչին) Արցախը Հայաստանին կապող և դրանք մեկ ամբողջություն դարձնող կենսական կամուրջն է: Այն ոչ միայն երաշխավորում է Արցախի գոյությունը, այլ նաև ռազմավարական նշանակություն ունի ողջ հայության անվտանգության և խաղաղության համար: Ադրբեջանական 70-ամյա տիրապետությունից հետո պատմականորեն հայկական շրջանը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում և ներկայումս ակտիվորեն վերաբնակեցվում է: Բայց, սահմանամերձ այս շրջանը մեծապես տուժել է պատերազմից և ներկայումս կանգնած է բնակարանային և ենթակառուցվածքային ճգնաժամի առաջ: Այս խնդրին արձագանքելու համար Թուֆենկյան հիմնադրամը 2008թ.-ին փորձնական ծրագիր սկսեց ուղղված Քաշաթաղի գյուղական տների վերանորոգմանը և պատերազմից ժառանգություն մնացած ավիրակների վերափոխմանը արժանապատիվ կյանքի համար պիտանի տների: 2008-2010թթ. ավելի քան 40 շինարարական աշխատանքեր կատարվեցին այս ծրագրի շրջանակներում: 2010թ.-ից ի վեր Թուֆենկյան հիմնադրամը շարունակել է այս ծրագիրը, կենտրոնանալով արդեն հատուկ կարիքների` մասնավորապես Սիրիայից և Լիբանանից Արցախ տեղափոխված և այստեղ վերաբնակեցում հաստատած հայ ընտանիքների բնակարանային ապահովման վրա: Վահե Աշգարյանը Միջին Արևելքից Քաշաթաղ տեղափոխված երկրորդ վերաբնակիչն է, ում համար 2017թ.-ին առանձնատուն է կառուցել Թուֆենկյան հիմնադրամը: Այս տարվա հունիսին սիրիահայ բժիշկ Հայկ Խաչոն (Խաչատրյան) ևս բնակարանամուտ նշեց նոր գյուղում: Վահե Աշգարյանի նտանիքին նոր տուն տրամադրելու համար Թուֆենկյան հիմնադրամը ամբողջությամբ վերակառուցել է պատերազմի արդյունքում ավիրակների վերածված տներից մեկը` փոխակերպելով այն ընդարձակ, անվտանգ և լուսավոր առանձնատան: Շինարարական աշխատանքները կատարվել են տեղացի մասնագետների կողմից և տևել մոտ 5 ամիս: Դիմելով իրեն շնորհավորելու համար հավաքված հյուրերին, Վահե Աշգարյանն ասաց`«Արցախ տեղափոխվելը, բոլոր հայերի այս տոհմական տանը նոր կյանք սկսելը ամենալավ որոշումն էր, որ կարող էի ընդունել ընտանիքիս համար: Երջանիկ եմ հայրենակիցներիս կողմից այսպիսի աջակցություն ստանալու համար և խոստանում եմ ողջ կարողություններս ներդնել Արցախը ծաղկեցնելու համար»: Վահեն հմուտ գյուղատնտես է և ջերմոցային տնտեսությունների վարման մեծ փորձ ունի: Ընտանիքի բարեկեցությանը օժանդակելու համար Թուֆենկյան հիմնադրամը Վահեին է տրամադրել մի ջերմոց, որն արդյունավետ շահագործման դեպքում կարող է նաև զբաղվածության հնարավորություններ ստեղծել համագյուղացիների համար: Վահե Աշգարյանի ընտանիքի համար առանձնատան կառուցմանը զուգահեռ Թուֆենկյան հիմնադրամը վերանորոգել է Իշխանաձորի կլինիկան: 2006թ. հիմնադրամի կողմից կառուցված կլինիկան բժշկական խնամք է տրամադրում Քաշաթաղի 16 հեռավոր գյուղերի բնակիչներին: Արցախի ազատագրված տարածքների վերակառուցումը, վերաբնակեցումը և զարգացումը Թուֆենկյան հիմնադրամի գլխավոր առաքելություններից մեկն է, որի իրականացմանն ուղղված աշխատանքները շարունակական բնույթ կկրեն: Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասին Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Լեռնային Ղարաբաղ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գոտիներում: [b]www.tufenkianfoundation.org Facebook.com/TufenkianFoundation[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր