211652_close_icon
views-count2163 դիտում article-date 23:18 20-12-2017

Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահների ասուլիսը

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խորհրդարանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի մամուլի ասուլիսը։ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում քննարկված հարցերն առնչվել են ժողովարդավարությանը, մարդու հիմնարար ազատություններին, մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Արցախի խնդրի կարգավորմանը, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի դրույթներին։ Երկօրյա քննարկումների արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը, ըստ բանախոսների, ոչ միայն արձանագրում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների անցյալն ու ներկան, այլեւ տալիս է զարգացման առաջնահերթություններ, որոնք բխում են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության գերակայություններից։ «Ակնհայտորեն պատմական է այս նիստը, քանի որ այն գումարվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո»,- նշել է Արմեն Աշոտյանը։ «ԼՂ հիմնախնդրի առնչությամբ նիստում արձանագրվել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ընդգծել է բանախոսը։ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը եվրոպական խորհրդարանի անունից իր երախտագիտությունն է հայտնել 17-րդ նիստի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար, եւ կարեւորել է քննարկված հարցերի շրջանակը։ Սաջադ Քարիմը լիահույս է, որ հարաբերությունները երկու խորհրդարանների միջեւ կզարգանան։ «Կնքված համաձայնագիրը պարունակում է ֆինանսական օժանդակություն՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Մենք ավանդաբար աշխատել ենք ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքով, որն իր հետ բերում է ինչ-որ պայմաններ եւ այդ առումով Հայաստանին անհրաժեշտ է ցույց տալ, որ ինքը հստակ առաջընթաց ունի այն ոլորտներում, որոնք մենք նախանշել եւ երկուստեք համաձայնեցրել ենք։ Դրանցում առկա է Հայաստանի ցանկությունը՝ որպես ինքնիշխան պետություն, զարգացնել սեփական ապագան։ Եվրոպական միությունը պատրաստ է համապատասխան օժանդակություն ցուցաբերել այդ գործընթացին»,- նշել է Սաջադ Քարիմը։ Բանախոսները նաեւ պատասխանել են լրագրողների հարցերին։

Նմանատիպ նյութեր