211652_close_icon
views-count3469 դիտում article-date 23:02 14-12-2017

ԵՄ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է. Սերժ Սարգսյան

ԵՄ հետ համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին «Ուզում եմ բոլորին հասկանալի լինի, նորմալ համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է։ Դրանք, ամենայն հավանականությամբ, կապված են իրար հետ, բայց ստորագրել նոր համաձայնագիր չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը։ Գագաթնաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ երեւի անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով։ Կարծում եմ՝ հաջորդ տարվա հենց առաջին կեսին մենք կսկսենք երկխոսությունը, այդտեղ եւս բազմաթիվ խնդիրներ կան, տեւական պրոցես է։ Եթե լավ աշխատենք, կարծում եմ՝ երկու-երեք տարի հետո հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին»,- նշել է նախագահը։ Խոսելով ԵՄ երկրներ ապրանք արտահանելու հնարավորության մասին՝ Սարգսյանը նշել է, թե առնվազն 6200 ապրանքատեսակների գծով մենք ԵՄ-ում ունենք արտոնյալ պայմաններ։ «Դրանք մաքսազերծվում են զրոյական կամ էապես ցածր դրույքաչափերով։ Իհարկե, համաձայնագիրը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Բայց կարեւորը ապրանք արտադրելն է։ Մենք պետք է կարողանանք շատ, որակյալ եւ մրցունակ ապրանք արտադրել։ Եւ այն ժամանակ արտահանումների համար որեւէ խոչընդոտ լինել չի կարող»- ասել է նա՝ հավելելով, որ ով արտադրում է որակյալ ապրանք, հանգիստ վաճառում է ապրանքը թե ԵՄ, թե ԵԱՏմ, թե այլ շուկաներում։ Խոսելով ԵՄ համաձայնագրում ղարաբաղյան գործընթացի մասին ձեւակերպումների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայանպաստ ձեւակերպումները օրենքի ուժ են ստանալու ԵՄ երկրներում համաձայնագրի վավերացումից հետո։ «Փաստաթղթում հստակորեն նշվում են այն երեք սկզբունքները, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն առաջարկել է կողմերին։ Այս փաստաթղթի կարեւորագույն հատվածներից մեկն է սա»,- ասել է նախագահը։

Նմանատիպ նյութեր