Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի ԲՈՒՀ-երի միջև համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային մայրաքաղաք Հալլե, որտեղ նա հանդիպում ունեցավ քաղաքապետ Բերնդ Վիգանդի հետ:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին և դրանց շրջանակներում ծավալվող ակտիվ ապակենտրոնացված համագործակցությանը, համատեղ մշակութային, գիտակրթական ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Քաղաքապետը բարձր գնահատեց Հալլեի հայ համայնքի ակտիվ գործունեությունը, որն իր նշանակալի ավանդն ունի երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման գործում:
Դեսպան Սմբատյանը հատուկ ընդգծեց, որ Հալլե քաղաքն առաջիններից էր, որ կանգնեցրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող` նախքան Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։
ՀՀ դեսպանը քաղաքապետին ներկայացրեց Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ավարտին դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Հալլե քաղաքի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:
Այցի շրջանակներում դեսպան Սմբատյանն այցելեց նաև Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Ուդո Շտրետերի և համալսարանի ղեկավարության հետ:
Հանդիպմանն ընդգծվեց հայ-գերմանական հարաբերությունների օրակարգում գիտակրթական հատվածի ակտիվացման կարևորությունը, քննարկվեցին Հայաստանի և Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք բարձր գնահատվեց համալսարանում գործող «Մեսրոպ հայագիտական կենտրոնի» գործունեությունը: