211652_close_icon
views-count4256 դիտում article-date 20:15 08-12-2017

Գիտաժողովը և ցուցադրությունը ամփոփել են Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյա գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ այսօր անցկացված գիտաժողովը նվիրված էր Մխիթարյան միաբանության Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հիմնադրվելու 300 ամյակին: Այն իրենց ներկայությամբ պատվել են Վենետրիկի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Սերոբ վարդապետ Չամուռլյանը և Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի պատասխանատու Հայր Եղիա Քիլաղպյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ միջոցառումը գիտամշակութային նշանակությունից բացի նախ և առաջ մեր՝ ժամանակակիցներիս խոնարհումն է Մխիթարյան միաբանների ջերմեռանդ աշխատանքի, զրկանքների ու զոհաբերությունների առջև, ինչի արդյունքում էլ Եվրոպայում վերածնվեց «փոքրիկ Հայաստան աշխարհ»: «Սուրբ Ղազարը սոսկ աշխարհագրական բանաձևմամբ կղզի չէ միայն Ադրիատիկ ծովում, այն հայկականության հոգևոր, մշակութային և բարոյաէթիկական կղզյակ է Հին Աշխարհի բազմերանգ քաղաքակրթության մեջ։ Եթե տարիների ընթացքում Մխիթարյանների աշխարհագրական տարածքն ընդլայնվել է ավելի քան չորս անգամ, ապա նրա հոգևոր-գիտամշակութային տարածությունն ընդլայնվել է անսահմանության աստիճանի, թե՛ ժամանակի, թե՛ տարածության մեջ՝ գրավելով ոչ միայն հայերիս, այլև օտարազգիների հոգիները։ Պատակառանք ներշնչող 300 տարիների ընթացքում Ադրիատիկի այս գեղատեսիլ կղզյակը, աշխարհին ճառագելով հայկականություն, միաժամանակ ձգողականության ուժով գերել է գիտության և մշակույթի համաշխարհային մեծության երևելիներին»,- իր ելույթում նշել է Ա.Թարվերդյանը: Մխիթարյան միաբանության ստեղծման մասին իր խոսքում Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի պատասխանատու Հայր Եղիա Քիլաղպյանը ասել է, որ Վենետիկի տեղն անգամ չիմացող պատանի Մխիթարը պատկերացնել չէր կարող, որ մի օր ոչ միայն կհասնի, այլև կհաստատվի Վենետիկում։ «Նա պարզապես երազում էր Հայաստան գալ, սակայն պատմական դեպքերը անհնար են դարձնում նաև Կոնստանդնուպոլիս գնալու Մխիթարի ջանքերը։ Նա շատ լավ հասկանում էր, որ Օսմանյան կայսրության մեջ ինքնությունը կորցրած հայը նախ և առաջ հոգևոր աջակցության կարքի ունի։ Իսկ դա հնարավոր է միայն հայոց պատմության և մշակույթի ակունքներին վերադառնալու շնորհիվ։ Հենց այստեղ է, որ Մխիթար Աբբահայրը կայացնում է պատմական որոշումը. միայնակ նա դատապարտված էր մահվան, հարկավոր էր ստեղծել միաբանություն։ Այդ հանճարեղ որոշումն էր, որ անմահացրեց նրա գործը։ Այսօր` 300 տարի անց, եթե միաբանները գոյություն ունեն իբրև Մխիթարյան միաբանություն և հայ ժողովուրդը կարողանում է հպարտանալ իր երևելի զավակների անմահ գործով, ապա դա միայն Մխիթար Աբբահոր միաբանություն ստեղծելու գաղափարը իրականություն դարձնելու շնորհիվ է», -ասել է Հայր Եղիա Քիլաղպյանը: Մխիթարյան միաբանության հիմնադրման ժամանակաշրջանին և Սուրբ Ղազար կղզի մուտք գործելուն իր զեկույցում անդրադարձել է նաև Վենետրիկի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Սերոբ վարդապետ Չամուռլյանը: Գիտաժողովին ելույթ են ունեցել նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը, նույն ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի դասախոս Ռուզաննա Մկրտչյանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պ.գ.թ. Արմեն Աբգարյանը և այլք: Նրանք անդրադարձել են մեր պատմության, մշակույթի, արվեստի, դպրության նաև հայոց լեզվի ու հավատքի հիմնավոր ուսումնասիրության կարևորագույն կենտրոնի վերածված Մխիթարյան միաբանության և նրա նվիրյալների ծավալած ազգանվեր գործունեությանը: Օրվա երկրորդ կեսին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում բացվել է «Կղզյակ, որ մեզ ետուր արև» խորագիրը կրող ցուցահանդեսը: Բացման պատիվը տրվել է Մխիթարյան միաբանության ներկայացուցիչներին: «Գիտաժողովը բավականին արդյունավետ ու օգտակար էր բոլորիս համար: Համոզված եմ, որ Մխիթարյան միաբանության հետ առաջիկայում համագործակցության նոր եզրեր կուրվագծվեն», -իր խոսքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի համոզմամբ առ այսօր ուսանելի է միաբանության ստեղծած գիտական ժառանգությունը և մենք պարտավոր ենք պահպանել այդ արժեքները: Ցուցահանդեսում ներկայացվել են Վենետիկում Մխիթարյանների նախաձեռնությամբ տպագրված 15 անուն գիրք, Մխիթարյան միաբաններից Ղ.Ալիշանի ինքնագիրը (Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից), Արսեն Բագրատունու լուսանկարը և օրագիրը (բնօրինակը), Մխիթարյան ճեմարանի տրամադրած լուսանկարները: Միջոցառումն ուղեկցվել է Մխիթարյան միաբանության 300-ամյա գործունեության մասին պատմող լուսապատկերային ցուցադրությամբ: Մ. Սեբաստացու շարականների կատարումներով հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր