211652_close_icon
views-count3484 դիտում article-date 22:11 24-10-2017

Մեկնարկել է «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ գիտաժողովը, կազմակերպվելով Հայաստանի և Սփյուռքի կարևոր հայագիտական կառույցների կողմից, ունի գիտական մեծ կարևորություն: «Մխիթարյան միաբանությունը գիտական, մշակութային այն կառույց է, որ ոչ միայն սերունդներին է փոխանցել հայ ժողովրդի պատմությունն ու արժեքները, այլև հարստացրել ու զարգացրել է դրանք: Գիտաժողովը հիանալի առիթ է Մխիթարյանների ժառանգությունն ու ներկա գործունեությունը ներկայացնելու, հանրայնացնելու, ուսումնասիրելու համար»: Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանին Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ակտիվ համագործակցելու համար: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Այս տարվա սեպտեմբերի 8-ին մեկնարկեցին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված մի շարք ձեռնարկները և ամբողջ տարվա ընթացքում ոչ միայն Հայաստանում և Վենետիկում, այլև Սփյուռքի հարյուրավոր համայնքներում նշվում է այս փառավոր հոբելյանը, աշխարհին, համայն մարդկությանն է ներկայացվում Մխիթարյանների խոշոր ձեռքբերումները: Ամեն անգամ, երբ ոտք եմ դնում Սուրբ Ղազար կղզի, համակվում եմ երախտագիտության զգացումով, անսպառ հիացմունքով, քանզի 300 տարի առաջ հայերը կարողացան անմարդաբնակ այդ փոքրիկ կղզյակը դարձնել հոգևոր, կրթամշակութային հզոր կենտրոն, որն այսօր ամբողջական ուսումնասիրությունների կարիք ունի»: Նախարարն ընդգծեց, որ իրենց մտքի ուժին զուգահեռ Մխիթարյան միաբանության ամբողջ տարածքը վերածել են համաշխարհային նշանակություն ունեցող ճարտարապետական կոթողի: «Միաբանները՝ Մխիթար աբբահոր գլխավորությամբ, ստեղծեցին հոգևոր կենտրոն՝ պահպանելով և սերունդներին փոխանցելով նախևառաջ քրիստոնեական արժեքները: Մյուս ուղղությունը, որով փայլեցին Մխիթարյան միաբանության հայրերը, հայագիտական կենտրոնի ստեղծումն էր, որտեղ զարգացում ապրեցին թարգմանական գրականությունն ու բառարանագիտությունը, քարտեզագրությունն ու ազգագրությունը, ուսումնասիրվեց արևմտահայերենը: Այսպիսով՝ Մխիթարյանները կրթությունը դիտեցին որպես բոլոր կենսական բարիքների աղբյուր»,-նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ շատ օտարազգի մտավորականներ, հանճարներ հաստատվել են Մխիթարյան միաբանությունում, գրել են լրջագույն աշխատություններ, արտահայտել են իրենց հիացմունքը հայ մշակույթի հանդեպ: Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արք. Զեքիյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ այս գիտաժողովը ոչ միայն հարգանքի նշան է, այլև խորը բարեկամության, որ տարիներ ի վեր գոյություն ունի Մխիթարյան միաբանության և հայաստանյան գիտական կառույցների միջև: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Արժևորելով Մխիթարյանների գործունեությունը՝ նա նշեց, որ միաբանները, զարգացնելով հայագիտության բոլոր ուղղությունները, նախևառաջ ունեցել են հայապահպանության սրբազան առաքելություն: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ Մխիթարյան միաբանությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգի և երկրի համար չափանիշ կարող է հանդիսանալ: «Այս հաստատությունը ստեղծվեց Հայրենիքից հեռու, դժվար կացության մեջ գտնվող ժողովրդի մի խումբ նվիրյալ զավակների կողմից, որոնք ունեին միայն անսահման հավատ իրենց ժողովրդի տաղանդի և նրա պայծառ ապագայի հանդեպ: Եվ չկա մի ոլորտ, որտեղ Մխիթարյանները իրենց ծանրակշիռ խոսքը ասած չլինեն: 300 տարվա ընթացքում կուտակվել է հսկայական գանձարան, որը դեռևս կարոտ է ուշադիր ուսումնասիրության: Ես մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում կտպագրվի Ղևոնդ Ալիշանի «Արցախ աշխարհ» աշխատությունը, որը մեծ քաղաքական նշանակություն ունի: Վստահ եմ, որ այս միջազգային գիտաժողովը նոր էջ կբացի Մխիթարյան ժառանգության ուսումնասիրման գործում»: Այնուհետև զեկուցումներով հանդես եկան Լևոն արք. Զեքիյանը («Մխիթար՝ խորհուրդ և մարտահրաւէր. Հայ հոգեւորութեան եւ մշակոյթի ռահվիրայ մը, համաքրիստո¬նէ¬ա-կան, համամարդկային տարածքով»), ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը («Ղուկաս Ինճիճյանի ավանդը Հայաստանի պատ¬մաաշխարհագրական հարցերի ուսումնասիրության բնա¬գա¬¬վառում»), ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը («Մխի¬թարյանները Միքայել Նալբանդյանի գնահատմամբ»), ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը («Հայ միջնադարյան գրականության պատ¬¬¬մության պարբերացման Մխիթարյանների սկզբունքները»): Գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ ուղղություններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր