211652_close_icon
views-count3326 դիտում article-date 23:11 08-12-2017

Հանրային խորհուրդը քննարկել է համահայկական կառույցների ձևավորման հարցը

Հանրային խորհրդում ս.թ. դեկտեմբերի 8-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային փակ քննարկում համահայկական կառույցների ձևավորման հարցի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արշակ Սադոյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գագիկ Մանասյանը, Կորյուն Առաքելյանը և ՀՀ Սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը: Օրակարգի հիմնական հարցերը եղել են հետևյալը. 1. Համահայկական կառույցների ձևավորման նպատակները: 2. Ո՞վ է նախաձեռնելու այդ կառույցների ստեղծումը, և ո՞րն է լինելու հետագայում այդ կառույցների աշխատանքները համադրող մարմինը: 3. Ովքե՞ր են դառնալու Համահայկական կառույցների անդամներ (անձեր, կազմակերպություններ), ինչպիսի՞ կառուցվածք է ունենալու համադրող մարմինը: 4. Կազմակերպման գործունեության ընթացակարգը, ժամկետները, պատասխանատուները: Քննարկման ընթացքում ներկայացվել են տարբեր տեսակետներ ու առաջարկներ, հնչել են նաև մտահոգություններ: Ներկաները, սակայն, համակարծիք են եղել համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտության հարցում՝ ընդգծելով, որ դրա հիմքում պետք է ընկած լինեն այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են հայապահպանությունը, Հայաստանի Հանրապետության, Արցախի հզորացումը, Հայաստան-Սփյուռք կապերի զարգացումը և այլն: Նշվել է, որ տասնյակ տարիներ ի վեր հայության տարբեր շերտեր քննարկում են համաշխարհային հայկական կառույցներ ձևավորելու հարցը, և հատկապես վերջին տարիներին դա առավել մեծ նշանակություն է ստացել՝ պայմանավորված այն իրողությամբ, որ հայության մի հոծ հատված այսօր ապրում է Հայաստանից դուրս: Ընդգծվել է, որ համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտությունը բխում է նաև համաշխարհային ներկա գործընթացներից, ինչը պահանջում է հայության ներուժի համախմբում և աշխարհում մեր տեղի ու դերի վերագնահատում: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկայացրել է իր հիմնադրած Համագործակցության փոխօգնության համազգային կառույցի նպատակներն ու կառուցվածքը, այս պահին վիրտուալ տարածքում իրականացվող աշխատանքները, որոնք համակարգվում են www.armnational.am կայքի միջոցով: Նշենք, որ համահայկական միասնական կառույցների ձևավորման հարցը վերջին շրջանում օրակարգային դարձավ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ստեղծումից հետո, որի աշխատանքը բավական արդյունավետ էր՝ բարձր գնահատվելով թե´ Հայաստանում, թե´ Սփյուռքում: Այդ ժամանակ ստեղծվեց աշխատանքային խումբ, որտեղ ներգրավվեցին պատասխանատուներ Հայաստանից ու Սփյուռքից: Աշխատանքային խումբը որոշակի արժեքավոր ծրագրեր արդեն իսկ մշակել է, և 2018 թվականին՝ մայիսյան տոների շրջանակներում, խմբի գործունեությունը նոր թափ կստանա, և հարցին ընթացք կտրվի: Համահայկական միասնական կառույցների ձևավորման հարցը քննարկման է դրվել նաև սեպտեմբեր ամսին Երևանում կայացած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ: Հանրային խորհուրդը, որը բազմիցս է անդրադարձել համահայկական կառույցների ձևավորման անհրաժեշտությանը, նույնպես ստեղծել է աշխատանքային խումբ՝ ընդառաջ գնալով վերոնշյալ իրադարձություններին: Ամփոփելով աշխատանքային այս քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն առաջարկել է հարցն առաջիկայում քննարկել նաև համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, որից հետո կազմակերպել հանրային լայն քննարկումներ՝ ապահովելով հանրության լայն շերտերի մասնակցությունը այս կարևոր հարցի քննարկմանը և համապատասխան ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Նմանատիպ նյութեր