Միջազգային Օլիմպիական Կոմիտեն ծանր ապտակ հասցրեց Ռուսաստանին
Միջազգային Օլիմպիական Կոմիտեի գործադիր կոմիտեն որոշում կայացրեց Ռուսաստանի հավաքականին արգելել մասնակցել Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերին: Ռուս մարզիկները իրավունք կունենան Խաղերին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո:
Ռուսաստանի Օլիմպիական Կոմիտեի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Ռուս մարզիկների ցանկը, որոնք կմեկնեն Օլիմպիադա, կորոշի ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը: 2014թ. Սոչիի օլիմպիական խաղերում Ռուսաստանի օլիմպիական հավաքականի ոչ մի պաշտոնյայի, բժշկի կամ մարզչի չի թույլատրվի մուտք գործել Փհենչհանի խաղերին:
Բացի այդ, Ռուսաստանի Սպորտի նախարարության ոչ մի պաշտոնյա չի հավատարմագրվի Օլիմպիադային:
Ռուսաստանի ՄՕԿ-ը Միջազգային Օլիմպիական Կոմիտեի որոշմամբ՝ վերջինիս պետք է վճարի նաև 15 մլն դոլար, որպես փոխհատուցում այն ծախսերի, որոնք կատարվել են հակադոպինգային հետաքննություն իրականացնելու ընթացքում:
Ռուսաստանի ՄՕԿ նախագահ Ալեքսանդր Ժուկովի անդամակցությունը ՄՕԿ-ին կասեցված է: Սպորտի նախկին նախարար, այժմ՝ ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն և նրա նախկին տեղակալ Նագորնիխը ցմահ հեռացվել են բոլոր օլիմպիական խաղերին այցելելուց:
ՄՕԿ-ի նման խիստ որոշումը պայմանավորված է 2014թ. Սոչիի Խաղերում Ռուսաստանի ձմեռային հավաքականի ներկայացուցիչների մասսակայան դոպինգ ընդունելու փաստի հետ, ինչը հաստատել էր անկախ հակադոպինգային հետաքննություն իրականացրած մարմինը:
Ռուսաստանն առայժմ ոչ մի պաշտոնական արձագանք չի տվել ՄՕԿ-ի որոշմանը: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, մեծ հավանականությամբ՝ այս հարցի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ հանդես կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: