Հենրիխ Մխիթարյանի հարցը լուրջ է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ-ում 3-րդ խաղն անընդմեջ բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում մանկունյանցիները սկզբունքային հանդիպում են ունենալու Լոնդոնի «Արսենալի» հետ, և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայ ֆուտբոլիստին չի ընդգրկել այն ֆուտբոլիստների հայտացուցակում, որոնք մեկնել են Լոնդոն:
Սա նշանակում է, որ Մխիթարյանը կամ լուրջ խնդիրներ ունի Մոուրինյոյի հետ, կամ էլ պորտուգալացին այլևս չի վստահում նրան, մանավանդ, որ Մոուրինյոն օրերս չէր էլ թաքցրել իր դժգոհությունը Մխիթարյանի մարզավիճակից: Բոլոր դեպքերում, հայ ֆուտբոլիստը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի վերադառնա թիմի կազմ, քանի որ նրա բացակայությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին երկու խաղում բավական վստահ հաղթանակներ տարավ:
«Արսենալի» հետ հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնել է հետևյալ ֆուտբոլիստներով. Դե Խեա, Ռոմերո, Պերեյրա, Վալենսիա, Դարմիան, Սմոլինգ, Լինդելյոֆ, Ռոխո, Շոու, Բլինդ, ՄակՏոմինայ, Լինգարդ, Մատիչ, Յանգ, Էրերա, Պոգբա, Մատա, Ռեշֆորդ, Լուկակու, Մարսիալ:
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:


