211652_close_icon
views-count9277 դիտում article-date 10:41 01-12-2017

Այդ երկրում պատրանքներ են առաջանում «ուրույն ուղու» կամ «ռուսու գենի» վերաբերյալ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ռուսաստանյան հեռուստաալիքների՝ Հայաստանի դեմ ուղղված հաղորդումների մասին ամեն ինչ, կարծես թե, ասվել է՝ առանձնապես ավելացնելու բան չկա: Գուցե պարզապես կրկնեմ, որ արտասահմանյան լրատվամիջոցների նկատմամբ մեր ուշադրությունը որոշակիորեն չափազանցված է՝ ի վերջո, իրե՛նք գիտեն, թե ինչ են անում: Առավել ևս չարժե ինքնահաստատվել այդ «լրատվամիջոցների» և նրանց ներկայացուցիչների հասցեին «թունդ բառեր» գրելով: Իհարկե, այդ հակահայկական արշավում ամենակոպիտն ու ցինիկը HTB-ն էր: Թե ինչու էր հատկապես այդ ալիքն իրեն թույլ տվել Հայաստանի հանդեպ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններ, կարող եմ միայն ենթադրություններ անել. գուցե HTB-ի տերը՝ «Գազպրոմը», անհանգստանում է Կարեն Կարապետյանի հետագա ճակատագրի համար: Բայց դա զուտ վարկած է, բացառված չէ, որ կան ավելի խորը պատճառներ, որոնց մասին տեղյակ են ռուսաստանյան իրականությանը մոտիկից ծանոթ մարդիկ: Պարզ է, որ ռուսաստանյան հեռուստաալիքների կռիվը վերջին հաշվով Հայաստանի դեմ չէ: Նրանք քարոզչական պատերազմ են վարում Եվրոպայի, եվրոպական արժեքների դեմ՝ փորձելով դրանք խեղաթյուրել և ներկայացնել որպես «ռուսական աշխարհին», ռուսաստանյան շահերին հակադրվող գաղափարախոսություն: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ դա, իմ կարծիքով, այդպես չէ: Պարզապես ժամանակ առ ժամանակ այդ երկրում ինչ-որ պատրանքներ են առաջանում «ուրույն ուղու» կամ, եթե ուզում եք, «ռուսու գենի» վերաբերյալ: Դա է պատճառը, որ «թոք շոուների» մեծ մասը նվիրված է ոչ թե ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրներին, այլ... Ուկրաինային: Հավաքվում են գրեթե նույն մարդիկ և սկսում են բարձր բղավելով՝ «քլնգել» հարևան երկրին: Դե, երբեմն բաժին է հասնում նաև նախկին խորհրդային այլ երկրներին, այդ թվում նաև՝ Հայաստանին: Ոչինչ, դա էլ կանցնի: ... Եվ վերջին՝ զուտ մասնագիտական նկատառումը: Երբ որևէ երկրի հեռուստատեսությամբ քննարկվում են հայերը՝ որպես էթնոս, միանգամայն տրամաբանական է հրավիրել որևէ հայի: Երբ քննարկվում է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, շատ ավելի տեղին է որպես փորձագետի հրավիրել Հայաստանի քաղաքացու: Ընդ որում, կարևոր չէ՝ նա իշխանամետ կլինի, թե ընդդիմադիր, ռուսամետ, թե արևմտամետ: Նա բոլոր դեպքերում կներկայացնի մեր՝ հայաստանյան հասարակության որոշակի հատվածը: Այդ բոլոր հատվածների խոսնակներն ազատորեն գործում են Հայաստանում: Ի տարբերություն Ռուսաստանի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր